որոնք հավիտյան կտանջվեն, եթե կորցնեն այս կարողությունը: Բայց գուցե սխալվում ես, լավ տեսա՞ր:
— Մի՞թե քեզ չեմ ճանաչիլ, եթե սրանից տասը տարի էլ անցնի: Կուզե՞ս խոսեցնեմ:
Մելոն ետ դարձավ, մոտեցավ ղաթրջուն։
— Օսման-Ղավազ,— ասաց,— այս ապրանքը մերը խո չէ՞։
— Ես քեզ չեմ ճանաչում․ ապրանքը Հյուսեին Ալի խանինն է, Իրանի ենք գնում։ Որտեղի՞ց եք, ո՞վ եք դուք, աղա՛։
— Որ չես ճանաչում, էլ ինչի՞ ասեմ, մի՞թե մեր ապրանքը ավելի քիչ անգամ եք կրել, քան թե Հյուսեին Ալի խանինը,- ասաց ձին մտրակելով։
Ծանոթս գալիս եք, բայց չեմ հիշում,- պատասխանեց ղաթրջին, որի բառերը հազիվ թե լսեց Մելոն։
— Եղիկ,— ասաց մոտենալով Մելոն,— ապրանքը Թավրիզեցի Հյուսեին Ալի խանինն է եղել։ Ճանաչու՞մ ես այդ մարդուն։
— Լսել եմ։ Մի ժամանակ ղաչաղ-ավազակ է եղել Գյանջայում, Ղարաբաղում։ Հարստացել, փախել է Թավրիզ, թյուջեր (վաճառական) ու խան է դարձել։ Ձիդ քշե, գնանք Յուչքիլիսեի (ս․ Հովհաննես) վանքը անցնենք, բարձրանանք Դիադինու ետևը՝ ձորի մեջ, ճանապարհները կտրենք։
Օսման- Ղավազը, զինված ձիավորները տեսնելիս, սկզբում քիչ-քիչ կասկածեցավ, բայց երբ նկատեց և իմացավ նրանց հայ և մանավանդ վաճառական լինելը՝ աներկյուղ առաջ գնաց։ Հետինքը անցել էր, երբ քարավանը սկսեց մտնել ձորը։ Ղաթրջի բաշին՝ Օսման-Ղավազը, պաշարով բեռնավորված ձիու վրա նստած, հրացանը ուսին, չիբուխը ծխելով առաջ էր վարում քարավանը, երբ Մելոյի գնդակը նրա գլուխը ցրվելով ձիուց վար գլորեց։
Գոռում-գոչյուն ընկավ տասնի չափ սեիսներու (ձիադարման) և ծառաներու մե․ քարավանը ակամա կանգնեց։ Ծառաներից ո՛րը լավ էր համարում ճանապարհը շարունակելը, ո՛րը փախչելը և լուռ տանելը Դիադին, ո՛րը միացած կռիվ մղելը․ վերջապես ծառաներից մեկը քաջություն ունեցավ տիրոջ