Այս էջը հաստատված է

ձին նստել և ետ քշել Դիադին, օգնության կանչելու հույսով։ Մելոն ժայռի ետևից մի երկրորդ գնդակով գլորեց՝ այդ արիասիրտ ծառային էլ։ Ծառաները բոլորովին թուլացան, երբ իրենց ընկերն էլ գլորվեց։

— Որքան զենք որ ունիք, բերեք թափեցեք ջուրը,— գոռաց Եղիկը,— եթե չեք ցանկանում բոլորդ էլ կոտորվել։

Իսկույն զենքերը թափեցին վտակը։

— Քարավանի գլուխը դարձրեք դեպի Սարիբեգ,— հրամայեց Եղիկը երկու ծառաների, իսկ մնացյալներին մտցրեց վտակը և ջուրը լցրած զենքերը դուրս հանելով դրեց բեռների վրա։ Հետո մտցրեց նրանց ապառաժի մեջ մի այր, բոսորի ձեռքերը կապկպեցին, թողին և այրի բերանը մեծ քարով ծածկելուց հետո գնացին, մեջգիշերին մտան Սարիբեգ։

Այդտեղ Եղիկի մի ծանոթ ընկերը, որ ղաչաղլի էր (կոնտրաբանտիստ), մեծ ուրախությամբ ընդունեց նրանց, ձիերը և ապրանքը ապահով տեղ տեղավորելուց հետո խոստացավ նրանց օգնել՝ գյուղի մի քանի ուրիշ երիտասարդների միջոցով ապրանքը անցկացնել ռուսի հողը։

ԻԲ

Ի՞նչ ասել կուզի, որ Եղիկը իշխանավայել առատությամբ վարձատրեց ոչ միայն իրեն օգնող, ապրանքը ռուսաց սահմանն անցկացնող երիտասարդներին, այլ գյուղի բոլոր աղքատ, թշվառ և կարոտ դասակարգը անխնա լիացավ ավարի առատությունով։ Իգդիրում հայտնի մի ծանոթի տանը ապրանքները տեղավորելուց հետո մի մասը երկու ձիաբեռ ընտիր կտորները բարձած՝ Եղիկը երեք ընկերներով դիմեց դեպի Գյոկչա։ Եղիկը սովորած էր մեծամեծների դռներում ծառայելիս կաշառելու ձևերը։ Նա մի համեստ հարկի տակ իջևանելուց հետո ապրանքից մի-մի խալաթացու ընտիր կերպասներ Հին-Բայազետի աղաներին փեշքյաշ տարավ և միջոցներ ձեռք առավ ոչ միայն նրանց հայացքին հաճոյանալու, այլ մինչև