Այս էջը հաստատված է

− Դու միտք ունիս այստեղ խանո՞ւթ բանալ, թե…

− Ո՛չ, իմ ի՞նչ բանս է, աղա ջան, այստեղ ձեզ պես աղաների առաջ ոտք ձգել… այնպես բոլորը միասին միտք ունիմ թողնել մի տեղ ծախելու։

− Լա՛վ է, ես մեր Բաղդոյին կասեմ թող գին դնեն, վերցնեն։

− Աման, աղա ջան, մարդ չիմանա, մաքսից փախցրած եմ, գլխիս փորձանք չբերեն,− ասաց Եղիկը ավելի հրապուրելու համար աղային։

− Ձայնդ կտրի՛ր, չարն ու բարին ես նո՞ր եմ սովորելու։ Դու քու բանիդ գնա, դու էլ իմս ես, ապրանքդ էլ… Ես խո քու երկու ղուռուշ-հարյուր փարայիդ վնաս կթողնե՞մ հասցնեն։ Ամբողջ կայքս կկորցնեմ, չեմ թողնի, որ իմ շվաքումս թառիդ թռչնի մի փետուրը թափվի։ Գնա, գնա բանիդ և հանգիստ կաց։

Քիչ հետո Եղիկը Բաղդասար աղայի հետ գնաց Հաջի աղայի խանութը, որտեղ կամաց-կամաց ցուցակ կազմեցին, և երկու հազար մանեթից ավելի արժեք ունեցող ապրանքը հինգ հարյուր մանեթով տվեց։ Հաջի աղան այնքան բարի եղավ, որ երկու հարյուր մանեթը կանխիկ վճարեց, իսկ երեք հարյուր մանեթին էլ վեց ամիս ժամանակ որոշեցին։ Բայց սրա փոխարեն Եղիկը գյոկչեցի գրվեց և դրանից հետո ամեն տեղ սկսան նրան գյոկչեցի Ղազար կանչել։

Երբ այդ բոլորը կարգի դրեց Եղիկը, մնացյալ ապրանքներից մի մասն էլ Իգդիրից Երևան փոխադրեց, ծախեց և մի հազար ռուբլի կանխիկ փող ձեռք ձգելով, Մելոյի հետ Երևանից քշեցին ձիերը, Ապարաններով երկու օրում հասան Ղարաքիլիսա։

Մինչ այդ՝ Եղոն քարավանից վեր առած ավարի մի քառորդն անգամ չէր բաժանել, այնինչ դրանով հարյուր մարդու բախտավորել էր, մի քանի վաճառականների մեծ-մեծ պատառներ էր նվիրել, համարյա գիտությամբ և գրպանում բացի հազար ռուբլուց մի երկու երեք հարյուր ռուբլու ոսկի-գոհար, մարգարիտ ուներ, որը նշանածին՝ Ասլիին, էր տանում, բացի հագուստի համար վեր առած ատլասն ու խասը, ընտիր ոսկեթել