Այս էջը հաստատված է

դիպակները։ Երկու նժույգ էին նստած Եղիկն ու Մելոն, երկուսն էլ լավ զինված թարաքյամի կարգ ու սարքով, զենքով ու զրահով։

Գիշեր էր, երբ նրանք հասան Ղարաքիլիսա. ձիերից իջան խրամատում, և Մելոն ձիերի հետ այստեղ մնաց, իսկ Եղոն վազեց դեպի Գալո քեհյենց տան կողմը։ Մութ գիշեր էր, աշնանային ցուրտը թեև զգալի էր, բայց Եղոն ներսից այրվում էր, ցուրտը նրան երբ կազդեր։ Մոտեցավ սովորական կտուրին, վերցրեց տախտակը և սողալով վար իջավ: Բայց սիրեկանին՝ Ասլիին, չգտավ այնտեղ, ոչ էլ անկողին կար այնտեղ տարածված։ Եղիկը մնաց շվարած, նա լսել էր, որ նշանել էին Ասլիին դնդրշկած Մուքեի հետ, բայց հարսանիքը պիտի բարեկենդանին անեին, յոթ շաբաթները չմտած աղջիկը խո չէի՞ն տանիլ։ Մոտեցավ դռանը, որ մտնի տուն (խոհանոց), բայց դուռը դրսից կողպած էր։

Նախորդ դեպքից հետո Թոմասը՝ Ասլիի եղբայրը, այլևս չէր թողնում, որ Ասլին քիլարում քնի և քիլարի դռանը պինդ ախ էր զարկել տվել ապահովության համար։ Եղիկը գիտեր, որ չէր կարելի որևէ աղմուկ բարձրացնել, հակառակ դեպքում տնեցիք կզարթնեին, և նա ոչ միայն չէր կարող Ասլիին փախցնել, այլ նրան տեսնելու էլ չէր արժանանալ։ Նա տան ամեն ծակը-ճյուղը ճանաչում էր իրենց տան նման. իսկույն դուրս եկավ և իջավ մեծ ախոռը, որտեղից ուղղվեցավ Գալո քեհյի ննջարանը, համոզված լինելով, որ ծնողները իրենց աղջկան իրենց սենյակից դուրս չէին թողնիլ։ Նրա ենթադրությունը սխալ չէր։ Ասլին այն սենյակումն էր։ Դուռը սովորաբար բաց էր, բայց ծերուկն ու պառավը արդեն վաղուց իրենց հանգիստ քունը կորցրած էին։ Եղիկի պատից իջնելը և բարձրացրած աղմուկը լսեցին, բայց կարծելով, որ մատակ գոմեշները իրենց եղջյուրները խփեցին պատերին, տեղերից անգամ չշարժվեցան։ Եղիկը թաթերի վրա առաջ գնաց, սողալով ներս մտավ, մթնումը միակ աչքը չռեց և ոտքով շփելով Ասլիի անկողինը, գտավ։ Եղիկը գիտեր, որ ծերուկն ու պառավը իրենց սովորական տեղը ցմահ չէին փոխիլ, ուրեմն շնչառության հետևելով յուր շունչը խեղդելով, հասավ Ասլիի մոտ։