Այս էջը հաստատված է

Խեղճ կույսը քնած էր, գուցե երազում էր։ Հույսը կտրած, արդեն իրեն գերեզմանի ճանապարհին մոտեցած էր զգում կույր-կտրիճի սիրուհին։ Մոլորվել էր Եղիկը. մի սովորականից բարձր աղմուկ, պառավները կարող էին իսկույն սթափվել, իսկ այդպիսի տարտամ դրություն անտանելի էր։ Ալևորի հանգստությունը կարծես կտրված էր. նա անդադար հազում էր, իսկ յուրաքանչյուր հազի ձայնը շնչասպառ էր անում Եղիկին։ Պառավը խռկում էր, խռմփում, նրանից շատ երկյուղ չկար։ Քիչ խաղաղելուց հետո Եղիկը կամաց շրթունքները մոտեցրեց և մի համբույր դրոշմեց Ասլիի ճակատին։ Անմեղ հրեշտակ, բոլորովին չիմացավ էլ։ Գուցե երազեց, և երազում երջանկությունը գոնե վայելելու տենչով չէր ցանկանում սթափվել։ Խորասուզված սիրահարը աներկյուղ երկրորդ համբույրը դրոշմեց։ Բայց խեղճ աղջիկն ամբողջ օրը այնքան էր հոգս քաշել, այնքան էր չարչարվել և այնքան սգացել յուր վիճակը, որ բոլորովին չզգաց։

Դողդողալով կամաց կողքը հրեց և ձեռքը կրծքին դրեց. բայց զուր, տարբերություն չարավ. նա անվրդով շարունակում էր յուր քունը, յուր հանգստությունը։ Քիչ մտածելուց հետո Եղիկը յուր դաշույնի արծաթյա սառը պատյանը դրեց Ասլիի կրծքի վրա, որը սրսփալով վեր թռավ և «վա՜յ, օ՛ձ, վա՜յ, օ՛ձ կա» — գոռգոռաց։ Եղիկը մինչև նրա ականջում «մի՛ վախենալ, ես եմ» փսրտալը, ծերուկ Գալո քեհյեն անկողնից վեր կենալով ասաց.

— Ա՜յ կնիկ, քուքուրդն ո՞ւր ես դրել, ա՛յ կնիկ։

— Մարդու չես թողնի դադարի,— ասաց պառավը տրտնջալով,— էլի չիբուխիդ համար քունս կտրեցիր։

— Կնի՛կ, քուքուրդը, ձայնդ կտրիր, աղջիկը գոռում է, օձ կա, ինչ կա, դու քուքուրդի տեղն ասա՛։

— Օջախի թարեքի վրա է, ձեռքդ երկարացրու, վե՛ր առ։

Մինչ այդ, Եղիկը դուրս թռավ ախոռը և անմիջապես, երբ Գալո քեհյեն լուցկին խփեց ու վառեց, նա բարձրացավ կտուրը մրմնջալով: Որտեղի՞ց այդ գյուտը հնարեցին ֆրանգները, որ իսկույն լուսավորում է և չի թույլ տալիս մարդկանց մթնումը իրենց գործերը տեսնելու։