նման կտրիճ որդիներից մեկը կարող էր նրա անգութ վրեժին զոհ դառնալ և հավիտյան իրեն սգի, հարսներին, թոռներին ողբի և թշվառության մատնել։ Մղդսի Կյուրեղն էլ պակաս չէր տանջվում, նա համոզվեց, որ Ասլին իրեն տան հարս չի դառնալ, դեռ ո՞վ գիտե, գուլպայի քանդուցքի նման յուր այնքան տարվա աշխատած կարողությունը ետ պիտի քանդե։ Նա էլ մտածում էր, որ սխալ էր այդ իրեն արած քայլը, օձի պոչը կոխելու չէր, բայց բանը բանից անց էր կացել, արդեն Եղիկին սրտից էր խոցել, այժմ պետք էր պաշտպանության մասին մտածել։ Գյուղի ջահիլները շատ ուրախ էին Եղիկի արարքի մասին, ոչ ոքի սրտովը չէր, որ Ասլիի նման մարալ աղջիկը դնդրշկած Մուքեի բաժին դառնա և ամենքի աչքը նրա վրա էր, իսկ Եղիկի նման ղոչաղին շատ չէին տեսնում։
Բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե Ասլիի սրտում ի՞նչ էր կատարվում։ Խեղճ աղջիկը վայ էր կարդում յուր գլխին, որ երկու անգամ իրեն քնածության պատճառով խանգարել էր Եղիկի ձեռնարկությունը։ Դրանից հետո էլ զգաստ էր, ցավը, մտածությունը նրան ստիպել էին, որ ուշքը հավաքե. վիշտը կորցրել էր նրա քունը, նա գիշերները արտասվալի աչքերով լուսացնում էր, հալվելով, մաշվելով, բայց ուշ էր՝ տունը, տեղը, ամեն կողմը ամրացրել էին, պահապան շներով դուռ ու երդիկ ապահովել, իրենք էլ տնով-տեղով աչք ու ականջ էին դարձել, որ սևերես չմնան դուռ-դրկցի առաջ։ Եվ այս բոլորի մասին տեղեկություն էին հասցրել Եղիկին, այնպես որ այլևս այդպիսի հարձակումից օգուտ չլինելը նա հասկացել էր։
Ասլիի սերը օրեցօր բորբոքվել էր, օրեցօր նրա առաջ ավելի հզորացել էր յուր սիրեկանը և բարձրացել։ Եղիկի արարքների պատմությունը գյուղից գյուղ, գավառից գավառ, ամեն տեղ տարածվել էր, ամեն ախոռի օդայում, ամեն եկեղեցու բակում ու ամեն կալի մեջ, որտեղ որ գյուղացիք հավաքվեին, քաղաքացիք բոլորվեին, Եղիկի արարքները մեջտեղ կգար։ Սրախոսները, շաղակրատները ամեն մինը մի-մի հավելվածով և զարդարանքներով կսկսեր պատմել։
— Աղա՛ ջան, անցած օրը անիրավը մտել էր Մեդեդ բեգի