Այս էջը հաստատված է

եկած ուզում էր հրացանը ուղղել, Մելոն գոռաց շտապ-շտապ:

— Տղա՜, մեղք ես, տղա՜, զենքերդ թափե, արի անձնատուր եղիր Եղիկին։

Սրա վրա ձիավորը վար իջեցրեց թվանքը, թևերը թուլացան և մյուս ընկերը պատասխանեց.

— Լոռիից Եղիկին գտնելու ենք եկել, նրա գերին ենք, հանձնվում ենք։ Եղիկը թող մեզ առաջնորդե, կուզե յուր ձեռքովն սպանե։

— Մոտ արե՛ք, մի՛ վախենաք,— գոռաց Եղիկը և գրկեց, համբուրեց նրանց։

Լոռեցիք մոտեցան, Եղիկի խումբը ուժեղացավ, չորս հոգի դարձան։ Չորսն էլ գլխներից անցած, չորսն էլ վրեժի ծարավ, չորսն էլ հաստահարված, հալածված, զրկված և անարգված: Բոլորի սիրտը միևնույն կրակով էր բորբոքվել։

Լոռեցիների մեծի անունը Գրիգոր էր, փոքրինը Մոսո, երկուսն էլ դսեղցի էին։ Երբ ծանոթացան և ընկերական դաշն ուխտեցին, Եղիկն ասաց.

— Տղերք, ձիերդ քշեցեք, մինչև Իգդիր դեռ շատ ճանապարհ ունենք, գնանք, դեռ գործեր շատ ունենք։ Այնպես էին գնում, կարծես անցած սարերն այդ խմբերն ստեղծած լինեին, իսկ դաշտերը իրենց սեփականությունը, իրենց հարկատուները լինեին։ Սլանում էին սրաթև թռչունի նման և ամեհի երիվարները որքան գնում էին, կարծես էլ ավելի բորբոքված առաջ անցնել էին փափագում։ Եղիկն անչափ ուրախ էր, արդեն խումբը պատրաստ էր, նպատակը իրագործելու սկզբնավորությունն էր, կատարելագործության ծրագիր էր պատրաստում։ Իրիկվան դեմ Իգդիրի մոտերքին պատահեցին մի քանի հայ գյուղացիների վիրավորված, արյունաշաղախ. գնում էին մովրովի մոտ։

— Ա՜յ տղերք, էդ ի՞նչ է պատահել,— ասաց Եղիկը գյուղացիներին։

— Վա՛յ, ես քեզ մատաղ, Ղազար ախպեր (այդ սահմանում Եղիկին գյոկչեցի անունով էին ճանաչում), ոչխարս քրդերը տարան, անցկացրին օսմանլիի կողմը, ինչքան դեմ ընկանք՝ հնար չեղավ, երկու էլ ղազախի սպանեցին։