ս․ Կարապեա եկեղեցու մոտ, տեղավորել այդ թշվառներին, մինչև մի գումար հավաքելով դրանց կրկին հայրենիք վերադարձնելը։ Այս ճեմարանը, որ մի տասնյակ տարի է գոյություն չէր ունեցել և քառասունական թվականներից փակված էր, դարձել էր մի տեսակ ազգային հիվանդանոց կամ իսկ և իսկ մի տեսակ գերեզմանոց։ Այդ ահագին եռահարկ շինությունից միայն չորս-հինգ սենյակ հատկացրած էր թաղի վարժարանի համար, մնացյալ մեծ մասը միշտ դատարկ էր միայն աղետներից հետո երբեմն–երբեմն այդտեղ ժողովուրդը միառժամանակ պատսպարվում էր։ Այնքան կարկատանի կարոտ էր, որ չէր կարելի այդտեղ երկար բնակվել։ Մի քանի սենյակներում մշտապես ապրում էին ամենաթշվառ ընտանիքներ, մեկ֊երկու սենյակ վերին հարկում թաղական խորհուրդը պատրաստել էր փիլիսոփա պ-րն Միսաքյանի համար, որը, ժլատ սեղանավորի նման, յուր անբաժան ահագին օտարլեզվյան գրադարանից ոչ ինքն էր օգտվում և ոչ էլ ուրիշներին թողնում օգտվելու։ Մյուս սենյակներում էլ զառամյալ անտեր մուրացիկները ժողովրդի ողորմությանը կամ մահվան հրեշտակին էին սպասում։
Մշեցիք այդ շինության մեջ զետեղվելուց հետո՝ տղամարդիկ բազար էին գնում մշակությունով, համալությունով օրական մեկ քանի սև փող ձեռք բերելու և կանայք էլ այս ու այն տան մեջ ծառայություններ կատարելով ուտելիքներ ճարելու։
Կարճ-Նազարը, որ միանգամայն ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ էր, ինքն թշվառ գաղթականներին անձամբ զետեղեց ճեմարանի սենյակներում և որովհետև առաջին օրերի համար ուտելու ոչինչ չունեին, իր գրպանից վճարելով, գնեց կենսական պիտույքները։ Նույն գիշերը, յուր մոտ հրավիրելով իր և իր հարևան թուլումբաջիների խմբերի առաջնորդներին, նշանավորներին, խնդրեց, որ իրեն աջակցեն մի քիչ փող հավաքելով, այդ մերկ ու առանց անկողնի մնացած թշվառների վիճակը բարվոքել։ Թեև Կաղ-Մքոն էլ հրավիրված էր, բայց նա մերժեց այդ հրավերը և ինքն անձամբ իր թուլումբաջիներին հրավիրեց խորհրդի,