ունեցած-չունեցածս էլ թողի, գնում եմ խայտառակ, չեմ իմանում ի՞նչ երեսով դուրս պիտի գամ մանր ու խոշորիս առաջ։
Մինչ այդ Եղիկը քսակը հանեց և երկնցուց ծերուկին, ասելով.
— Աստված մեծ է, ի՞նչ ես շատ դարդ անում, կհասցնե։
— Աստված մեկին հազար վարձատրե,— ասաց ծերուկը լացակումած, ձեռքն երկնցուց և քիչ էր մնում Եղիկի ձեռքը համբուրե, բայց նա չթողեց։
— Է՛հ, ուրիշ ի՞նչ կա, ի՞նչ չկա,— ասաց Եղիկը ծերուկից բան իմանալու մտքով։
— Կռվի տարին օսմանցու զորքին հարյուր բեռն Երևանու բրինձ տվի, տասն անգամ փաշաների մոտ գնացի և փողիցս գոնե մի ողորմություն անգամ չստացա։ Բանակի հրամանատարի մուրհակն եմ ներկայացնում, ինձ ասում են՝ գնա, նրանից ստացի, ես այն գոռբեգյոռի թաղած տեղն անգամ չգիտեի, որ մի գնայի և սիրտս հովցնեի։
— Ուրիշ ի՞նչ են խոսում, կռիվ խո չկա՞։
— Այդպես բան չկա, բայց չեմ իմանում, թե ինչի՞ Սթամբոլից Ղարս փող են ղրկում, մի ծածուկ բան կա, բայց ևս չհասկացա։
— Ինչի՞ց իմացար, որ փող են բերելու Ղարս
— Պարտեզում հիսուն ձիավոր սպասում են, որ Արզրումից եկող չափարին առնեն տանեն: Դեռ խոսք եղավ, թե մի ինչ-որ ղաչաղ Է դուրս ընկել Եղիկ անունով, նրանից վախենում են, այդ պատճառով Էլ պատրաստություն են տեսել վաղօրոք։
Այս որ լսեց Եղիկը՝ փառավորվեցավ, և ընկերները ժպտացին։
— Ափո,— ասաց Եղիկը,— ի՞նչ տամ, որ ինձի տաս օսմանցու բանակի փաշայի հարյուր բեռն բրնձի մուրհակը։
— Որդի՛, ինչի՞ս է պետք, ա՛ռ քեզի. ո՛չ հաց կտա, ո՛չ ջուր:
— Քու ինչի՞ն է պետք, ես փաշաների հետ գործ ունիմ, հաշիվներ ունիմ մաքրելու, կարելի է պետք գա։