Եղիկը մուրհակը ծալեց, գրպանը դրեց և աչքով արավ Մելոյին, որը հարյուր մանեթ փող տվեց ծերուկին, և Եղիկը մնաց բարով անելով ծերուկին, ետ դարձան դեպի Թախթ։ Եղիկը նպատակը չհայտնեց ընկերներին, բայց նրանք նկատեցին, որ հոգեկան ծանր մտածմունքի մեջ էր իրենց առաջնորդը։ Երբ Սուբաթանի մոտով, Յահնիների կողքից անցան, հեռվից երկու ձիավոր նկատեցին, որոնք Ղարսից էին գալիս։ Եղիկը ընկերներով մի կողմ քաշվեցավ, Մոսոյին ճանապարհի վրա թողեց, որ լրտեսե անցորդներին։ Ճանապարհորդները գյուղականներ էին, որոնք ռուսների սահմանի մարդիկ էին, Ղարսից բան-ման առել, վերադառնում էին դեպի իրենց բնակավայրերը։ Երբ սովորական հարց֊բարևները վերջացրին՝
— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Մոսոն։
— Այն կողմը, Արփաչայից դենը, — պատասխանեցին։— Մեր գյուղում այս կիրակի հարսանիք կա, քիչ ռոմ, շաքար, ային-օյին ենք տանում։
— Խե՞ր է, ի՞նչ հարսանիք է։
— Մեր գյուղի Համփան՝ Քեհյի աղջկան, Ասլիին՝ Եղիկի նշանածին, տանում է յուր տուն։ Ախ Եղիկ, որտե՞ղ ես։
Մոսոն նկատեց, որ դրանք Եղիկի բարեկամ տղերք էին, բայց չէր իմանում ինչպե՞ս վարվի։ Քիչ մտածելուց հետո՝
— Արեք գնանք Եղիկի մոտ,— ասաց Մոսոն, և ճանապարհորդները, թեև տատանվելով, վախենալով, հետևեցին Մոսոյին, բայց երբ հեռվից նկատեցին Եղիկին՝ հանգստացան։ Նրանք գյուղական ընկեր տղերք էին և Եղիկի հետ միասին մեծացած. վստահ էին, որ նրանից իրենց վնաս չի հասնիլ, իսկ տեսնել այդ հերոս դարձած ընկերին, վաղուց փափագում էին։
Եղիկը փաթաթվեց նրանց, կարծես հարազատ եղբայրները լինեին… Խեղճը սրտակցից, հարազատից գաղափար չուներ, ինքը մոր մինուճարն էր, հայրն էլ մամի մինուճարն էր եղել։ Բոլոր գյուղական բարեկամ-ծանոթներին շատ բարև ուղարկեց, և ինքը մնաց մոլորված։ Չգիտեր՝ դառնար դեպի Ղարաքիլիսա, թե շարունակեր յուր ուղին։
— Գրիգոր, այսօր ի՞նչ օր է,— հարցրեց նա։