Այս էջը հաստատված է

— Երեք հոգի մնացին սատկած ջորիների գլխին,— ասաց Եղիկը:

— Այդ ջորիների բեռները բարձեցեք ձեր ձիաներին, եթե մեռնիլ չեք ուզում։

Իսկույն հրամանը կատարեցին։

— Դե՛հ, ձեր զենքերը թափեցեք այդտեղ և բեռնավորված ձիերը քշեցեք այս կողմը։

Այդ էլ կատարեցին, և երբ բավական հեռացան, ասաց Եղիկը.

— Այս օրդու մյուչյուրի (բանակի հրամանատար) սերքին տարեք Ղարս, փաշային տվեք և ասեք կռվի տարին զորքին տրված հարյուր բեռն բրնձի փողը եկավ տարավ Քոռ-Եղիկը։ Այս սպանություններն էլ նրա համար կատարվեցին, որ փաշաները, տասը տարի է հարյուր անգամ նրանց խնդիր տրվեց, և չկատարեցին աղքատի, թշվառի խնդիրը։ Թող ուրիշ անգամ ժողովրդին չկողոպտեն և անմեղների կոտորածի պատճառ դառնան։

Չափարները ետ դարձան հետի, իսկ Եղիկը և յուր ընկերները Սողանլու անտառների խորքերից առաջ գնացին դեպի Փանակի կողմերը, որտեղ երեք ձիաբեռն ոսկին թաղելուց հետո մի ձիաբեռը լցրին մաս-մաս չորս ձիու խուրջինները և Գյոլայի անտառով Արդահանի վրայով դիմեցին դեպի Ախալքալաք։ Կիրակի առավոտ Ախալքալաքից դուրս եկան, եղանակը ամպամած էր, և երբեմն մանր ձյուն էր բրդում, երբեմն էլ քամին մոլորեցնում էր։ Արիա լճի մոտ քիչ մնաց նրանք մոլորվեին. ճանապարհից արդեն դուրս էին ընկել։ Վերջապես զանգերու ժամանակ հազիվ հասան Շիշթափա։ Թեև նոյեմբերի սկիզբն էր, բայց Գուգարքի սարերն ու սարահարթերը հոկտեմբերից ծածկվում են սպիտակ սավանով։ Ձիաներին հարկավոր էր կեր տալ։ Իջան, գյուղ մտան և մի երկու ժամ ձիերին կերակրելուց և երեքն էլ հանգստանալուց հետո, երբ մութը լավ ընկած էր, դուրս եկան։ Աշնանային մառախլապատ մութ գիշեր և երկար ճանապարհ, հազիվ մեջգիշերին նրանք հասան Գյումրի։