— Տղե՛րք, քշեցե՛ք,— ասաց Եղիկը,— քշեցեք, թե չէ հարսը տարավ մղդսի Կյուրեղը։ Եվ ուղիղ։ Հարսանիքը բռնել էին այդ գիշեր։ Ողջ Ղարաքիլիսան հավաքվել էր մղդսի Կյուրեղենց տունը. էլ դափ, էլ զուռնա, էլ դահալ, էլ մեյ, ձայն֊ձայնի էին տվել, երկինքը թնդացնում։ Մղդսի Կյուրեղը արզրումցի աղաներին էլ էր կանչել, որոնց համար սազ-քյամանչա չէ, աշղներ ու ասողներ, մի խոսքով՝ իրար էին խառնվել։
Մինչև էրզրումցի աղաներին քառասուն տեսակ կերակրով, աշբազով ու չերեզբազով (խոհարար և կարկանդակագործ) մանր ու բարակ հյուրասիրել էր մղդսի Կյուրեղը, մինչև ահագին բազմություն գյուղացիներին կշտացրել էր, մինչև խնամոնց և խաչախպոր-դասին շահել էր, արդեն կեսգիշերն անցել էր։ Մինչև դուրս եկան, մինչև հասան խնամոնց տունը, մի ժամ էլ այդտեղ կորցրին։ Ասլին էլ մի ժամ ավելի տանջեց տալցուներին և ներցուներին, որոնց հազար ու մի տանջանքով, մոր, քրոջ, հարսի և մորաքրոջ աղջիկներին հազիվ զիջավ և մի կերպ հագնվեցավ հարսանեկան զարդերը։ Լաց էր լինում, մռնչում էր, կատաղում էր Ասլին, բայց ճար չուներ։
— Մենք էլ նազ անելով ենք հագել այդ շորերը, մենք էլ հագել ենք, բայց երկու օրից հետո ոչ միայն մոռացել, այլ անչափ ուրախացել ենք,— ասում էին ազգական տիկինները։
Վերջապես Ասլին, երկար մտածելուց հետո, վճռեց մտքումը՝ պսակվել, գնալ մղդսի Կյուրեղենց տունը, բայց ո՛չ նրանց հարս դառնալ, ո՛չ Մուքեին կնիկ։ Նա համոզված էր, որ երբեք Եղիկը իրեն չէր մոռանալու և թողնելու ուրիշի դռանը։
Էլի փողերը հնչվեցան, էլի դուրս եկավ հարսնևորը, և թագավորն ու թագուհին թափորով կողք-կողքի գնացին եկեղեցի: Մուքեն երանության մեջ էր զգում իրեն, իսկ Ասլին չարչարանքի։ Շատ հույս ուներ Ասլին, որ մինչև եկեղեցի մտնելը մի ճար կհասնի, բայց զուր։ Երբ երգերն սկսեցին, երբ տերտերն Ասլու ձեռքը հանձնեց Մուքեին, սարսռաց խեղճ կույսը, բայց ակամա ձեռքը բաց չէր թողնում Մուքեն։
— Աչքալույս, հա, աչքալույս,— գոռում էին ամեն կողմից։ Թափորը ետ շարժվեց. դուրս եկան եկեղեցուց և նույն