այցելում էր իր բարերարին՝ նրա ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով՝ սիրտը բացել դրել էր նրա ոտքերի տակ։ Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել։
Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.
— Ապերախտ մի լինիր, Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դագող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր։
- Անչափ շնորհապարտ եմ,— միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը,— քու հովանին միայն ինձ փրկեց, քո ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում։ Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից։
Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը։ Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և