Քերիմ–խանը ճարպիկ, Քերիմին բարձրից ցած էին գլորում, որպեսզի կողոպտեն, նա էլ սուտ էշ ձևանալով, սիրահոժար գլորվում էր որտեղ որ հրամայում էին։ Վերջապես նրան Բուխարեստ փոխադրեցին, որտեղից Աթենք մեկնելու հրամանը որ ստացավ, հիվանդության պատրվակով խնդրեց իրեն թույլ տալ ծննդավայրը վերադառնալու, հանգստանալու և հորը տեսնելու։
Սափրիչ Աշրաֆը որդու փողերով վաղուց մեր թաղում քառասուն ավերակ տներ էր գնել և մի մեծ ապարանք կառուցել։ Է՛լ այգի, է՛լ ջրաղաց, կրպակ, բաղնիք, գյուղեր, ամեն ինչ ձեռք էր բերել և ապրում էր խանավայել կյանքով։ Էլ քաչալ սափրիչ չէր, ամենքը Աշրաֆ աղա էին կանչում, որը դռանը քսան ծառա և քառասուն հարճ ուներ։
Քերիմ–խանը ապրեց հոր տանը մի քանի ամիս։ Սա Թիֆլիզում մի վրացի կին էր առել, երեխա ուներ, ապահարզան էր տվել, ապահովել, այնտեղ էլ թողել ու գնացել էր Պետերբուրգ։ Այդտեղ էլ մի ֆին աղջիկ էր առել, ապահովել, թողել գնացել էր Լոնդոն։ Այսպես ամեն մի քաղաքում կին ու զավակներ էր թողել և հեռացել։
Թեև ամեն մի քաղաքում հատուկ կին էր պահում, բայց մի պարկ գարի երբեք չէր կարող հագեցնել այդ անկուշտ ջորուն։ Ինչպես անհնար է պարկով գարին մի ժամում համրել, այդպես էլ անհնար էր Քերիմ–խանի ճանկած կիների թիվը որոշել։ Այս պատճառով էլ նա շարունակ սեռական ախտերի մեջ բորբոքվում էր, փողն ու բժիշկները չէին օգնում։ Ինչպես ասում են՝ ապականությունը արյունից մկաններին, ոսկորներին ու ոլոգներին էր հասել։
Իմամ–Ղուլիի հեռանալուց հետո, Թավրիզ հասնելու երկրորդ օրը պատշգամբից թե կտուրից Քերիմ–խանը տեսնում է նուխեցու հասած ու կազդուրված աղջկան՝ Քադիջեին։ Իսկույն խնդրակ է ուղարկում, Քադիջեին կին է ուզում հազար թուման քյաբինով[1]։ Աղջիկը հասած, ծնողները չքավոր, անմիջապես առաջարկը ընդունում են և նույն գիշերը թաղի ախունդը
- ↑ Քյաբին- ամուսնական դաշնագիր