դրեց հայրենի տունը՝ ծնողներին թաղելու և ուրիշ ծախսերը ծածկելու համար արած պարտքը վճարելու։ Չքավորությունը, անտերությունը այնպես ճնշեցին, որ ախտաժետ կինը հայրենի տան հետ կորցրեց քիթը, ջղերը քաշվեցան, աչքերը մսակալվեցան, կողը և կոկորդը ծակվեց, այլանդակվեցավ։
Մի առավոտ թաղեցիները հավաքվեցան և մեծ աղմուկով ստիպեցին Քադիջեին թողնել թաղը, դուրս գալ քաղաքից և բնակություն հաստատել քյուֆթերի այրերում։
— Մեզ, մեր զավակներին կվարակե այս գարշելին,— աղաղակում էին բոլորը։
Արդեն տանը բան չէր թողել թշվառ կինը, պղնձեղեն, բրդեղեն, կավեղեն, փայտեղեն, ամեն բան ծախել, գրավ դրել ու կերել էր։ Մի սև չարսավ գլխին գցած, մի աղտեղի վերմակի մեջ աղջկան փաթաթած դուրս եկավ հոր տանից, որը գրավ վերցնողը եկել էր տիրելու։ Ամբոխն այնպես էր գազանացել, որ Քադիջեի ողբը, արտասուքը, թախանձը ներգործություն չունեցան։
- Կորիր, գնա՛ դժոխքը,— գոռում էին պառավներն ու ծերերը։
- Աներևութացի՛ր, անհետացի՛ր,— աղաղակում էին ջահելները։
Քադիջեն, սարսափահար, արյունակալած աչքերը մոտեցրեց հայրենի դռան շրջանակին, համբուրեց փեղկերը, ախերը, թակն ու փակը, հառաչեց ու ասաց ողբագին.
- Կերթա՛մ, կերթա՛մ, դրացինե՛ր, անգութ հարևաններ, ապառաժ այրերն ինձ գերեզման ու պատսպարան կտան, որ հանգչեմ։
Չարաճճի լաճերը, ստահակ պատանիները Քադիջեին հետևեցին մինչև Սահաբ-Դիվանի այգին։ Թշվառ կինը սավանում փաթաթած, վերմակի մեջ բալուլած տարեկան մանկիկը գրկած, ձեռքին մի թիթեղյա ջրամանճ կամաց֊կամաց դողդողալով բարձրացավ դարիվերը, իջավ հեղեղատ և մտավ առաջին պատահած այրը, որի բնիկ քյուֆթը երեք օր առաջ մեռել չորցել, անթաղ մնացել և գազանների կեր էր դարձել։
Հայտնի բան է, մթության մեջ Քադիջեն չէր էլ նկատել իր