Այս էջը հաստատված է

- Սեպի՛ր թե նրա ոսկորտիքը հանել եմ, որ Քեր-Բելա տանեմ, մեծ Իմամի մարտիրոսված հողում թողնելու։

- Այս տասնհինգ օրը ինչքան որ զբաղեցար այդ դիակի հետ, բավական համալիր և Քադիջեի խոսքը լսելով, նրանից ձեռք քաշիր, ազատվիր։ Ե՛կ, գիշերս քեզ նշանեմ, մի աղջիկ ուզենք, ամուսնացիր, և նա Քաղիջեի բաց թողած տեղը կլցնե։

-Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող լցնել։ Այն իմ երազներս, իմ ձգտումներս, բոլորը կործանվեցան ու ցնդեցին։ Կյանքն առանց Քադիջեի խավարել է ինձ համար։ Ես պետք է բուժեմ նրան, որ ինքս էլ ապրեմ, եթե ոչ, առանց Քադիջեի ես կյանք չունիմ։ Ես նրան կտանեմ Թիֆլիզ, Խարկով և մեծ բժիշկներին կհանձնեմ, որ բուժեն։

- Նա ճանապարհին շնչասպառ կլինի, նրան չես կարող մինչև Արաքսի ափը հասցնել։

-Ես էլ Արաքսը կգլորվեմ, և երկուսս էլ կազատվենք այս դառն աշխարհից։

-Վա~խ, վա~խ, վա~խ, -ասացի քմծիծաղով, -դուք որ մեռնիք ու խեղդվիք, աշխարհ կկործանվի։ Բավական է տխմար ու տհաս դուրս տաս, վերջ տուր այդ ցնորքին և հաշտվիր այն կյանքի հետ, որ ամբողջ աշխարհը վարում է։

-Անհաշտները չեն կարող զիջանել ու ընկճվել այս աղտեղության մեջ։ Ավելի ուրախությամբ ես կշփեմ ու կտրորեմ քյուֆթի ապականված մարմինը, նրան բուժելու հույսով, քան թե կգնամ, կբարեկամանամ այն ապականված բարքերի հետ, որոնք աղքան ժամանակս ինձ անասունիվ չէին զանազանում, իսկ այսօր չորս բոլորս են ման գալիս, գրպանումս ոսկի տեսնելով։

-Ախր, չէ՞ որ Քաղիջեդ էլ այդպես վարվեց․ քանի որ աղքատ էիր, քեզնից երես էր թեքում, գնաց ախտաժետ Քերմին առավ ոսկու փայլից շլացած․․․

-Ո՛չ, նա ինձ սիրում էր հոգով, նա ինձ կյանք ու հույս էր ներշնչում։ Նա ինձ խրախուսեց գնալ Բաքու փող աշխատել և վերադառնալով կոտրել իր ծնողների տխմար փառասիրությունը։ Բայց ի՞նչ օգուտ, որ մինչև վերադարձս Քերիմը սպասեց կյանքս ու ծրագիրներս կործանեց։