Հետևյալ օրը Իմամ-Ղուլին գնաց ու վարձեց այն պարտեզի խրճիթը, որը Քադիջեի որջից ընդամենը քառասուն քայլ հեռավորության վրա էր։ Կահավորեց, մի վերզիացի կին վարձեց, որ խնամե հիվանդին և ամեն օր կանոնավոր կերպով դեղ, ուտելիք և կարևոր իրեր տանում էր Քադիջեի համար: Այլևս առանց քաշվելու ինձնից, մորից ու դրացիներից, նա համարյա թե օրվա մեծ մասը անց էր կացնում քյուֆթի մոտ և անձամբ նրան խնամում:
Համարյա ամիս ու կես ամեն օր դեղ էր տանում, և շաբաթական երկու անգամ էղքոքը ու մի անգամ էլ ամերիկացի բժշկուհին այցելում էին հիվանդին, ստանում իրենց վարձը և գնում դեղերը ուղարկում։ Մինչև անգամ Իմամ-Ղուլին իր անկողինն էլ տարավ և շատ գիշեր այնտեղ էր քնում։ Խրատ, հորդոր, մոր աղերսը, քույրերի արտասուքը, մորաքրոջ նախատինքը ոչ մի ներգործություն չունեցան. անդրդվելի մնաց։ Քադիջեն գրեթե ամեն օր աղերսում և ստիպում էր, որ իրեն թողնի, հեռանա, վախենում էր, որ վարակի Իմամ-Ղուլիին, բայց նա համառացած չէր հեռանում և ամենայն եռանդով տքնում էր առողջացնել ախտաժետին: Բայց բոլոր միջոցները զուր անցան, մինչև իսկ վերքերը սկսեցին բորբոքվիլ։ Այս սոսկալի տանջանքների մեջ Քադիջեն ամեն րոպե մահ էր խնդրում, իսկ անողորմ հոգեառը փոխանակ գոսացած մարմնից բաժանելու վերջին շունչը, իր անգութ մանգաղով կոկոն ու նորաբաց ծաղիկներ էր քաղում:
Քադիջեն զգալով, որ չպիտի կարողանա խնդիրքով, աղերսով ու փաղաքշանքով իրենից հեռացնել Իմամ-Ղուլիին, սկսեց նրա հետ վատ վարվել։ Նախատում էր ինչպես նրա հորեղբորորդուն, նույնպես և իրեն: Ոչ միայն որևէ քաղցր խոսք չէր արտասանում, այլ անվերջ հառաչում և նզովում էր սափրիչների տոհմի, ոչ միայն բերած կերակուրը չէր ուտում, այլ երեսն էր թեքում նրանից, փախչում վարձած բնակարանը և գնում գլորվում էր իր որջը: Վիրատապ կինը մի օր ինձ ասաց առանձնության մեջ.
— Աղա Միրզա՛, խելք դի՛ր Ղուլիի գլուխը, զգուշացրու․ ես սարսափում եմ, երբ մտածում եմ, որ նա կարող է վարակել