հասավ գագաթնակետին, մի օր Քադիջեն խնդրեց սկեսուրից, որ մի քիչ մկնդեղ բերե, իրեն տա ուտելու, ազատվելու տանջանքներից և ազատելու Իմամ-Ղուլիին փորձանքից ու մտորումներից։ Հայտնի բան է, քենիս սկզբում սոսկում է այդ դժոխային մտքից, տատանվում է, հանդիմանում է Քադիջեին, չի լսում մի շաբաթ, բայց վերջիվերջո համակերպվում է ախտաժետի հետ։
— Անա,— ասել է մի օր Քադիջեն սկեսուրին,— ես համոզված եմ, որ առողջանալիք չունիմ, վերջիվերջո մեռնելու եմ, բայց չեմ ուզում, որ դու, որդիդ վարակվեք կամ նույնիսկ ինձ համար տանջվիք։ Ինչ որ ձեզ չարչարեցի բավական է, խիղճս էլ սիրտս կրծում է փոխադարձաբար ամեն ժամ։ Այս պատճառով աղաչում եմ, գնա բազար մի կտոր մկնդեղ բեր, ես կուտեմ ու ձեզ կազատեմ։ Միևնույնը չէ՞ այսօր եմ մեռել, թե մի տարի հետո։ Ինչ օգուտ իմ ապրելուց, երբ ես ոչ միայն ոչ մի հաճույք ու վայելք չեմ զգալու այս կյանքից, այլև միմիայն վիշտ ու հառաչ պիտի պատճառեմ քեզ ու որդուդ։ Երդվեցնում եմ քեզ զավակիդ արևով, եթե սիրում ես Իմամ-Ղուլիիդ, եթե թանկ է քեզ համար միակիդ կյանքը, գնա բեր, և ազատվենք։
Այնքան հորդոր էր կարդացել, այնքան թախանձել, որ թշվառ կինը մի կերպ որդուն փրկելու հույսով իջել էր քաղաք,մի մսխալ արսենիկ առել ու դարձել էր գյուղ։ Բայց ճանապարհին խղճահարվել էր, սոսկացել էր իր արարմունքից, սարսափել էր մարդասպանության պատճառ դառնալու մտքից ու թափել էր։ Տուն դառնալուց հետո երբ պատմել էր արածը Քադիջեին, վերջինս այնպես ողբագին թախանձել էր, որ խեղճ պառավը պարտավորված ետ էր դարձել, ժողովել էր ու տուն տարել թափած արսենիկը։ Բայց որպեսզի շատ տանջելուց և շուտ սպանելուց զգուշանա, ուրիշներին կասկածի տեղիք չտա, ժողոված արսենիկը, որի մի մասը թափված տեղը փչացել էր, հինգ մասի է բաժանում և մի մասն է տալիս ախտաժետին։
Քադիջեն ուրախությամբ կուլ է տալիս թույնը և կրկնում է սկեսուրին.