Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/100

Այս էջը հաստատված է

Կամարին մեջտեղը Հիսուսի նկարին արծաթե շրջաանակը կփայլեր սովորականեն ավելի: Այս արծաթին տեսքը թեթևություն մը տվավ տեր Բարթողին, անհասկանալի հույս մը ձգեց անոր մեջ: Երկար զննեց կամարն ու արծաթե շրջանակը:

Ձմեռն արդեն սկսած էր, ու խիստ ձմեռ մը: Ձյունը Բ.-ի փողոցներուն ու երդիկներուն վրա կես մարդաչափ կբարձրանար, և հազիվ քանի մը երդիկներե նիհար, կապտորակ ծուխ մը կոլորվեր: Իրավ որ Հայաստանի քաղաք մը տխուր է ձյունին տակ՝ տեսակ մը գերեզման:

Տեր Բարթող ետին ճիգերը կթափեր՝ հոգալու, պատսպարելու իր ժողովուրդը:

— Ի՞նչ կրնա ընել մինակ մարդ մը, ի՞նչ կրնա ընել: Դուն ողորմիս, սուրբ Փրկիչ, դուն ողորմիս, սուրբ Քրիստափոր, — կմռլտար ու, մորուքը սառ հովին տված, կուրծքը՝ ձյուներուն, կշրջեր փողոցե փողոց, տունե տուն՝ թևին տակ դրած հաճախ քանի մը լավաշ կամ պատռած էնթարի մը, կամ խեղաթյուրված զույգ մը կոշիկ:

Հացը սուղ չէր Բ.-ի մեջ, ու միսին քաշը երեք դահեկան կարժեր՝ թեփ, բայց ո՞վ դրամ ուներ: Տասը փարայի համար երկու կիներ իրարու մաղ էին փետեր քահանային աչքերուն առջև:

Տեր Բարթող շատ ավելի նիհարցած էր. իր լայն դեմքին կարմիրը կմաշեր, ու այտոսկրները կցցվեին, աչքերն ալ խորունկը կիջնային հետզհետե: Պառավներն անգամ, իրենց սև լաչակներուն տակեն, լալկանութենե կարմրած աչքերով կզգային ատիկա:

—Տղերք, տերտերն ատ ի՞նչ վիճակի է հասեր, — կխոսեին իրարու մեջ:

Իրավ, հազիվ շաբաթն երկու անգամ ոսպով տաք ապուր մը կուտեր քահանան, բայց տրտունջ մը իսկ չէր բարձրացներ: Մեկ բան մը միայն կավրեր, կընկճեր հաղթ մարմինով մարդը ու զայն կկքեր. մտածում մը ականի պես կծակեր հոգին հավատավոր մարդուկին, ու անոր մեջ անհավատության քանի մը սերմեր կնետեր: Անոր մեջ երկու հակադիր տարրեր կպայքարեին: Հավատքն ու Տրակույսը:

Եկեղիցիին վերջին պատահարեն հետո ալ որևէ տկար ճիղ մը անգամ չէր կրցած ընել՝ նվազեցնելու, կասեցնելու համար իր մեջ դեգերող հարցումը: Քահանան ալ հպատակը, ստրուկն էր իր ուղեղին քմահաճույքներուն, ու կամքը համրորեն կշիջաներ անոր մեջ: Հիմա սկզբնական օրերուն վախի սարսուռն ալ չէր համակեր զինքը. ու ամենեն անողորմ