Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/107

Այս էջը հաստատված է

Գիշերվան արշավող հովը դադրած կթվեր, ու տեր Բարթող կարծեց լսել աքլորի մը խեղդուկ երգը: Արշալույս կծագեր, խորհեցավ:

Ելավ զգույշ վերմակին տակեն, խաչակնքեց կնոջը դեմքին վրա և իջավ վար, բակը: Շալկեց սանդուխը, պզտիկ պարկ մը անցուց ուսեն, որուն մեջ պիտի պահեր արծաթ շրջանակը, ու ելավ տունեն դուրս, ուղղվեցավ աստծո տան կողմը...

Բ.-ի երդիկները լույսով ողողված էին, ու տկար արև մը ձյուներուն վրա կխաղար:

Երկու պառավներ իջան փողոցեն ու եկեղեցի մտան:

— Տեր Բարթողը, տերտերը, վայ, Աստվածամար, - մրմռացին պակուցումով ու դիտապաստ շրջեցան իրենց դեմքերուն վրա:

Կրոնքին մարդը պարապին մեջ մորուքը դեպի վեր, գլուխն ետին հակած, մեղմորեն կճոճվեր, ջահակալին կեռեն կախված և ուսեն ձգված պարկին մեջեն արծաթե շրջանակին ցցված լեզվակը կփայլատակեր:

Բ.-ի բոլոր սոված բերանները հրճվանքով ըսին այն օրը.

— Վերջին թալանչի՜ն... չքահանա՜ն...

Ու մահամերձներն իսկ աստծո արդար դատաստանը երգեցին...

ՀԱՐՍԻՆ ՎՐԵԺԸ

Կովերու վերջին երկարաձիգ բառաչները գյուղն անգամ մը՜ աղմկեցին, ու բոժոժներու դաշն ու խուլ թինգն հեռավոր գոմերե բարձրացավ: Ձմեռնամուտն գիշեր մը կիջներ դանդաղ: Ծերուկ Համբոն դուրս ելավ քահանայի խցիկեն, անցավ գեղջուկ եկեղեցիին բակեն, խաչակնքեց վեց անգամ, երկյուղած ու ժպտուն կոճուկին գրպանը դրավ թուղթի մը կտոր: Ուղղվեցավ դաշտը եզերող արահետեն դեպի հյուղը, ճախեց բռնակն ու ներս մտավ քամակը կորացնելով: Օջախը կճարճատեր անկյունը, պզտիկ կազի մը լույս կառակայծեր ցածկեկ փայտե սեղանին վրա:

Համբո քակեց տրեխներուն առասանները, զարկավ քանի մը հեղ պատին, թափեց անոնց մեջ լեցված ձյուները ու նստավ օճախին առջև փռված մինտերին վրա. շփեց ձեռքերը թմրած, հետո զոհ բացականչեց.

— Աստված ողորմի կրակն ստեղծողի հոգուն:

Համբույին կինը, սլառավ Բրաբը, մոտեցավ ու հարցուց.

— Աղա, ի՜նչ լուր կա մեր տղեն:

— Բարի, բարի, Բրաբ,— ու կասկածի ակնարկ մը նետելով հարսին, պառավին փսփսաց,-վաղը կամ մյուս օր կուզա Պետոն աստծով: Նամակ