բուն իր երկու նորեկ հարսներուն հետ զբաղած էր եփելու պահքի կերակուրները, չոր լոիբիան, կորկոտով թանձր ապուրը, որուն մեջ թթված սալորը սև կլեցներ առատ, չորացված լեռնային աղցանները կխաշեր: Զարման տենդոտ այդ գործունեության մեջ կօրորվեր երազներով: Նոր տարի. ի՞նչ պիտի ըլլար իրեն, իր մարդն, Արութը, պիտի գար: Ինչո՞ւ չէր գիտեր գրել ինք. որ երկտող մը հասցներ մեծավորին ձեռքը, ըսեր ծովի չափ տերտը, հասկցներ կրած զրկանքները. ինչո՞ւ քանի մը գիր իրարու քով դնել չգիտնար՝ պատմելու համար կեսրայրին ու կեսուրին անհնարին խստությունը, ծածկամտությունը: Անոնք մինչև մահ զինք պանդուխտ պիտի ձգեին, հագուրդ չունեին. պիտի գրեր, թե ինչպես զինքը կզրկեին նույնիսկ սիրեկանի մը նամակներեն և տարիներով տասնոց մը իսկ չէին տված իրեն՝ ղրկված այնքան ոսկիներեն և հետո, իր զավակը՝ Ղևիկն իսկ չէր կրնար սիրելտնեցիներուն զճքին տակ: Մինչև ե՞րբ պիտի շահագործեին ճիվան սիրեկանի մը բարությունը: Տագրերն ալ ծույլ-ծույլ կսլքտային:
-Ա՜խ, Արութ, թև ունենայի, անցնեի, թռչեի ժամ մը, սոլուխ մը օտայիդ բանջիրան գայի, ըսեի քանի մը խորոված խոսքեր ականջիդ ու դառնայի,- կմրմնջեր Զարման՝ դիտելով չորս կողմը, միգուցե կեսուրը մտածումն իսկ կռահեր: Հարսն երբեք այդքան անհամբեր չէր եղած, բայց դանակն ալ ոսկորին կհպեր, կեսրայրը տղան գյուղ կանչելու կողմնակից չէր, ախ, սոսկալի մարդ, ինչպե՞ս ինք բնավ չէր սիրած սա զառամ պառավը, չէր զգա, թե ինչպես կքանդվեր երիտասարդ արևը, ի՜նչ կրակով կհատներ: Տարիուկես ապրեր էր Հարութին հետ, աշխարհք չէր կրցած վայելել, այրիի մը վիճակեն ավելի վատ կգտներ Զարման իր կյանքը. ամուսին ուներ. ճիվան ամուսին ու տասը տարիե ի վեր միայնակ կիյնար անկողինին մեջ ի՞նչ ընե ան սիրտն, որ միակ կբաբախե:Իր դեմքն այրող ջերմին շունչի մը կարոտովը կսպառեր, համբույրի մը պապակովը ամեն երկար գիշերները անքուն կլողար քրտինքներու մեջ, հապա սարսուռները, որոնք կողեն դեպի ազդրերը կսողային մահվան ցունցերու չափ զորավոր: Զարման ամոթով կնայեր իր կուրծքին, ո՞ւր էր հին օրերու հպարտ, կամարաձև լանջքը, հարթացած, սմքած էր ան: Ասիկա տխրությամբ կհամակեր Արութի կինը: Եթե Արութ հանկարծ գար՝ չպիտի հավներ իրեն. ան, որ տեսած էր Ստամպոլի կիները: Զարման իրեն հատուկ առասպել մ՝ էր շիներ այդ կիներուն համար, անոնք ամենն ալ հրապուրիչ էին, խելք թռցնող, կպտտեին կիսովին մերկ: Ո՞վ արդյոք իր Արութին սիրտն էր դարձուցած, որ անիծած քածը: Թերևս Արութ այդ պատճառով իսկ չէր վերադառնար:
— Տասը տարի է ուխտի կերթամ, — կմրմնջեր թոնիրին տաք շուրթներեն