Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/121

Այս էջը հաստատված է

զորավոր և ավելի ուժգին թափով զինք կհամակեր ու ամեն փոքր շնչառության կողերուն վրա ու ստինքներուն տակ ցավն անտանելի կդառար: Զարման կծկվեցավ անկյուն մը ընկճված: Հրճանքով կլեցվեր այդ օր տունն, ու տանիսին լուսամուտեն կախված յուրաքանչյուր տոպրակ հարսներն ու լաճերը դատարկ չէին վերադարձներ: Հովը կդադրեր ու կձյուներ նարնջածաղիկ թերթերու մեծությունով հանդարտ, վարանքով: Երբեմն գեղջկական մաղթերգ մը կլսվեր մոտի երդիկներն:

—Հիվա՞նդ ես, հարս, ի՞նչ ունիս: — մոտեցավ կեսուրը խստությունով: Ու զարման մունջ էր, գլուխը տատանեց հաստատական ու սկսավ արտասվել որպես կոված տղեկ մը:

— Տե, տե, բան մը չունիս, նազ չեմ ուզեր, էրկնդ ծախե ատ նազերդ, ել գործիդ:

Զարման կհեկեկար ավելի բարձր ու ողորմելի՝ կողերը բռնած:

—Հիվանդ է,— անկյունեն մռմռաց կարեկցորեն ծերուկը,— թող պառկի: Էհ, բան մը չէ զարման, բան մը չէ, զավակս, կանցնի...

—Տերտեր, Նարեկեն տուն մը քաղե հարսիս գլուխն ու հավատքով քաղե, հաղորդություն ալ տուր, — դառնորեն ձայնեց տանուտեր Պետոն:

Զարման երկարած անկողնի մեջ, կխնդար, կզառանցեր քրտինքի հեղեղ մը այտերեն վար կթափեր: Փոքրերը անկողնին եզերքը շարված էին ապշած, կարծես հանդիսավոր տեսարանի մը ականատես: Ու կեսուրը կծու, չարաշուք դեմքով կդիտեր հիվանդը: Քահանան հանեց գրպանեն գիրքը, համբուրեց ու սկսավ խորթ, անհամբույր բարբառով մռմռալ. ան կմոտեցներ ուսին մոտ բռնված մոմին հաճախ գիրքը ու կսրբագրեր կարդացված տողը, բայց անոր ձայնը հանդիսավոր էր, սարսռազդեցիք ու վայրի երաժշտությունով զեղուն. կարծես մահ մը կնախազգար: Իր մորուքը աղտոտ, երկար, ծխուտած՝ կշարժեր անընդհատ, իբրև հովե մը: Ան երկար գլուխներ քաղեց ու հետո Ավետարանեն էջ մը եղանակեց հարսին գլուխն մոտ: Պահ մը խաղաղվեցավ Զարման, սենյակն անայլայլ մնաց, ու հույս մը ժպտեցուց բոլոր տնեցիները:

—Ի՞նչ է ան, ուրկե՞ կուգաս… ի՞նչ ադ, ջուրերուն վրայե՞ն կքալե… հո՛, հո՛, եկուր, լավ է աս… իջիր, կամաց իջիր, ջուրը խաղաղ է… արևուդ մատաղ Արութ, հա, սանկ ցամաք ոտքդ դիր… Ինչպե՞ս, ինչպե՞ս անցար ջուրերուն վրայեն, ո՞վ բերավ …

Զարման կզառնացեր: