Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/129

Այս էջը հաստատված է

հսկա, մեռելատիպ երեք հայերը ցածկեկ տունե մը ոտքի հարվածներով ներս ինկան։ Բանտին մեջն էին։

—Արդյոք, դալտն ականջ ուներ,— խորհեցան մեռած երեք հոգիները։

Ծառան վերադարձավ գայմագամի մոտ ու պեխերը շտկելով գոչեց հրճվոտ․

— Պետք եղածեն ավելին տվի իրենց։

— Է, լա՜վ, ուրեմն, էշերը տունիս գոմն առաջնորդե,— ու քմծիծաղ մը շարժեց քթին տակ գայմագամը։

                             *
                          *     *

Երկու ամիս վերջ, իրիկվան մը մոտ, կայսեր ծնունդի տարեդարձին օրը բանտի դուռը բացվեցավ, կրկին քյոր Հյուսնին կանգնեցավ սեմին վրա ու գոչեց բարձրաձայն․

—Ակոբ, Սիմոն, Գրիգոր հոս թող գան։

Անկյունեն երեք հայերն առաջեցան դուռ դողահար։

Հյուսեին հատիկ-հատիկ ըսավ․

— Շնորհիվ ն․ կ․ վեհափառության անհուն գթությանը՝ ձեր հանցանքը ներված է,կրնաք մեկնիլ։

— Աստված երկար կյանք տա մեր փադիշահին,— մրմնջեցին ու ծռեցան մինչև գետին հարգանքով․․․ Քիչ վերջ երեք կմախքներ կհեռանային քոնաքեն։

Լ ՈՒ Ռ Հ Ե Ր Ո Ս Ը

— Ծո, վարժապետ, դուք մարդ չե՜ք, աղջի՜կ եք, աղջի՜կ, ձեր հազարեն մեկ տղամարդ չի շինվիր, — գոչեց Մանուկ չելեպի ու բարձրաձայն ծիծաղեցավ, շուրջը դիտելով հաղթական։

1895-ի աշունն էր։ Հինգ հոգի էին ամայի սրճարանին մեջ, գյուղաքաղաքի դասատուն, սրճեփն ու երեք ջոջեր։ Սրճարանին դուռները կիսով գոցված էին։ Քանի մը օրերե ի վեր ջարդի մը վրա կխոսվեր, ու ավանին մեջ հայերը կզգուշանային իրենց տուներեն հեռանալ։

—Իրա՜վ է, լեզուն է բռնվեր պատվելիին, — ձայնեց սեղանին անկյունեն նիհար անդամներով, չար հայացքով աղա մը, Սրապ։

Արծվաքիթ ծերուկ մը, Գագիկ աղան, մրթմրթաց քմծիծաղով․

—Դե՜, վարժապե՜տ, ինչ կխորհիս, ջա՜րդ կա, ջա՜րդ, հայերը կմեռնին։ Հոս ալ մեր քյուրտեր կշարժին, զենք ունիս, գեթ զմելի մը կամ խարտոց մը։