ուր էր արդյոք այդ պահուն, իսկ մյուսը պիտի զրկվեր խոստովանանքե, հաղորդութենե... Փուռին մեջ բոցերը կշարժեին աշխույժ, խիտ դեղնագույն: Աղյուսներու վրա թրծուն, կարմրորակ, կտարածեին իրենց լեզվակները: Բակը կլուսավորվեր շատ ավելի, ու թարաքներու վրա ոսկեգույն սամավարներ, կլայեկած սաները, կաթսաները, պղինձե փոքր անոթները կժպտեին, կոգևորվեին, կփայլատակեին:
Պահ մը բակը կիսաստվերի մեջ կթաղվեր, բայց փուռեն դուրս խուժող բոցերու ցանց մը կլեցներ անագապղնձի երանգներով բակը:
Օհանջան թևը փուռին տված՝ բոցերը կնկատեր ծխամորճը բերանը, ծուխի քուլաներ փուռեն ներս կփչեր:
Փոքրիկը քակած էր ծերունի կնոջ լաչակը: Ան կմնար անտարբեր, խոհուն: Իր քաթանի պես ճերմակ մազերը խնամքով սանտրված՝ լույսով կողողվեր բոցերու բոսերեն: Դեմքին կնճիռները, կքած թուշը, աչքերը անփայլ ու բարի՝ իր ապրած տարիներու երկար շարքը կվկայեին:
Հեղնար խմորի տաշտին մոտ խմորի անձև կտորները կձևավորեր, թռչուններ, ձուկեր կկերտեր: Հյուսված մազերու ձևեր կուտար, անոնց վրա նկարներ կնախշեր: Հեղնար իր մանուսաե էնթարիին մեջ գեղեցիկ էր ու իր կիսադեմքը՝ քնքույշ:
- Օհանջա՛ն, զավակ՛ս, վաղը պիտի խոստովանի՜ս, հաղորդություն, ճաշակ չպիտի՞ առնես,- գորորով ըսավ պառավը:
Երիտասարդը ձեռքի վճռական շարժումով մը պատասխանեց:
- Մեղքի մեջ կորսվիլ կուզես, տղաս, դժողքի կրակին մատնվիլ կուղես:
-Ին՜չ ընեմ, մարիկ, չեմ կրնար հաշտվիլ Սեթենց հետ, զուր կխոսիս:
- Վաղը ծնունդ է, ի՜նչ կըսեն, գնա, տղաս, գնա հաշտվե, Սեթենց հետ հաշտվե: Ի՜նչ ընենք, աստծո կամքն է եղեր, որ չի տվին իրենց աղջիկը: Մեղքի տակ պիտի մնաս, վա՜յ ինձի, վայ ինձի,-վճռեց պառավը ու շարժեց համրիչը, որ հեշտ խշրտոց մը հանեց:
Փոքրիկը, ծերուկին ծունկին վրա հանգչուցած գլուխը՝ կքնար:Դուրսը բան մը չէր շարժեր, ոչ իսկ վանդակ մը կճռնչեր, ոչ իսկ մսկոտ շուն մը կկաղկանձեր:
Փայտերը փուռին մեջ կրակի կույտի մը վերածված էին: Վարդագույն ու մանիշակ բոցեր փուռին կամարը հաճելի մեղմ կարմիրով մը կպարուրեին: Մոխիրները կայծերու հետ կոստոստեին:
- Բե՜ր խմորները, Հեղնա՜, - կանչեց Օհանջան, ակիչով մեկդի ժողովեց կրակը, զանոնք փուռին դռան շրթունքներուն մոտեցուց: Խոնավ