Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/147

Այս էջը հաստատված է

ՃԱՄԲՈՒՍ ՎՐԱ

Վենեցիա

Հյուսիսեն վերադարձդ է: Կուգաս լուրջ, մռայլ ու վիթխարի Լոնտոնեն, Բարիզեն շնորհալի, ծիծղուն ու խորհող, կդառնաս ապրող ավերակներու Ռոմեն, Անճելոյի մելամաղձոտ և ուժեղ նկարներն ու մարմարներեն կզատվիս:

Կուզես հանգչիլ: Ականջներդ անդորրության կըղձան, աչքերդ նորություններու կարոտով կլեցվին, կուզես թոթվել ոտքերուդ փոշին և հաշվել ինքզինքդ, մեծ քաղաքներու ճակատներեն ազատված ես:

Ահա Վենեցիան...

Վենեցիա... Ինչպե՜ս կերազեի իր խաղաղությունը, որուն վրա արվեստը կսավառնի:

Երկինքը մրոտող ծխաններու անտառը հոս չէ, հոս դուն ուտեք հսկա մեքենաներու ճռինչը: Մայթերու վրա բնավ արշավող ձիերու, կառքերու, ինքնաշարժերու, թռամներու խուլ միահեծան դղորդը: Հոս փողոց չիկա, գռիհներ միայն՝ ստվերոտ, անձուկ, կարճ: Որմերն անոնց վրա կճնշեն իրար պագնելու ճիգովը և կսպառնան անցորդներու. պետք է կողերուն կպցնել թևերը: Մթամած այդ անցքերը ունին իրենց հրապույրը, սակայն: Անկյուն մը, կամ դռիհը դիմավորող շինվածքի մը քիվին տակ հաճախ արձան մը, ինչ փույթ՝ անողորմ ձևով ավրված, քերված, տաշված, հովին, անձրևին, ժամանակին ատամներեն, կամ նկար մը՝ գործ հնավուրց մեկ նախնականին, կողջունեն քեզ իրենց միամիտ հտպիտի կամ պոպոխի գիծերով:

Վենեցիան չունի իսկական փողոցներ: Իր կյանքի երակները կկազմեն ջրանցքներ: Կարճ արահետին զուգնթաց, ետին նրբանցքներուն ծայրը: