Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/16

Այս էջը հաստատված է

Սենյակը շատ փոքր է, վանքին հնօրյա կամարակապ խուցերեն մեկը, թանձր որմի մը մեջեն բացված լուսամուտ մը հազիվ կփարատե տիրող ստվերը. պատառ մը կապույտ կերևա չոր բլուրներու վրայեն ու քանի մը գերեզմանաքարեր կնշմարվին:

Անկյուն մը՝ գետնեն քիչ մը բարձր է անկողինը, որուն դեմ օջախին խոռոչը կբացվի սև երախով. անոր քովն է սեղանը ձեռագրով, կաշեկազմ գրքերով, բոլորված մագաղաթներով ու քանի մը փոքր նկարներով ծանրաբեռն. անոնց առջև երկու ողորահյուս ցածուկ աթոռներ:

Որմերուն վրա կիսալույսին մեջ հազիվ կզգացվեին վիշապաքաղ սուրբ Գևորգ մը, աստվածամայր մը նուրբ և հառած ակնարկով, անոր դեմ մռայլ խաչելություն մը:

Ճշմարիտ մենակյացի մը խցիկը, կիսալույս, պարզ, անկարգ, հնավուրց իրերու չոր, բայց հոգնած բույրովը լեցուն:

Մեզ տեսնելով ցատկեց. ուսուցիչը ներկայացուցի, վարանումի ակնարկներե վերջ վաղեմի ծանոթներ ելան:

— Չէ՞ որ միասին պաշտոնավարեցինք Մ-ի դպրոցին մեջ երկու տարի:

— Ա՜հ, այո՛, այո՛, պարոն Ալեքսանդր, կհիշեմ, այն ատեն շատ երիտասարդ էիր:

— Ձեզի ալ շատ ծերացած կգտնեմ հիմա, պարոն Եղիազար…

— Է՜, կյանքը կծերացնե մարդս…

Եղիազարը կազդուրվեցավ կարծես, երիտասարդ օրերու հատուկ խանդով մը սկսավ խոսիլ. հին հիշատակներ քրքրվեցան՝ անեկդոտներով համեմված, որոնք այնքան զվարթ ալ չէին:

Քիչ վերջ, երբ խոսակցության թելը ընդհատեցավ, ձեռագրերու մանրանկարներն ու երփներանգները ցուցնել սկսավ մեզի:

Ես նկարչութենե, գծագրի արվեստեն մեծ բաներ չեմ հասկնար: Արմաշի մեջ գտնվող նմանօրինակ ձեռագիրներն և նկարները մեր ծիծաղին կամ հեգնանքին կարժանանային, որովհետև մեր անցյալը հետաքրքրության արժանի շատ քիչ բան տված է, ամեն բան նորեն շինել պետք է:

Հակառակ պարոն Եղիազարի հավաստումներուն ու սքանչացման, մեր հին արվեստի մասին հիմա ալ կարծիքս նույնն է: Պարոն Ալեքսանդր ավելի երջանիկ երևնալու դեմք չուներ: Բայց լավ էր ուշով հետևիլ Եղիազարի ցուցումներուն, շահեկան բաներ ալ կպատմեր ու կերևա թե կհասկնա հնու