- Գացե՛ք, շահեկան է հոլանտական նկարչությունը... հետո Ռամպրանը հոն է, դուք, որ իր պաշտամունքն ունիք:
Երեկի ետ կեսօրը՝ Ryjrs museum-ի մեջ անցուցի. զինքը ղտա առանց առաջնորդի, կարմիր կողքով գրքի մը կամ ծալլված քարտեզի:
Կսիրեմ երբեմն քաղքի մը անծանոթ ուղիներու քմայքին անձնատուր ըլլալ, մոլորիլ, սրտնեղիլ քչիկ մը ու ի վերջո բարյացակամ անցորդի մը ձեռքին ուղղության հպատակիլ: Այդ դեգերումներն աննպատակ չեն, իրենց անակնկալն ու նորություններն ունին: Նշանավոր բաներու տեղ հասարակ, աննշան կարծվածներու կհանդիպիս, որոնք ժողովրդի մը յուրահատուկ կյանքն ու հոգեկան ինչ-ինչ վիճակները կմատնեն:
Անցա խոր ու նեղ փողոցներե, բազմաթիվ կամրջակներեն, որոնց թիվը Ամսթերտամի մեջ երեք հարյուրի կհասնի. հետևեցա մոռացած, անհույզ, լայն ջրուղիներուն՝ հասնելու համար մշտադալար պարտեզը, ուրկե քայլ մըն է Մուզեումը: Շրջիկներու (touristes) խումբի մը հետ ներս կմտնեմ. զով ու հընության կյանքն զգացող մթնլորտ մը կլեցնե զիս շփոթությամբ ու վայելքին անձուկովը: Ահա թանկարժեք հախճապակիներու սրահը. չեմ հասկնար արժեքն այս կիտվածի հրաշալի անոթներուն. արձաններու ու քանդակի ցուցադրության ալ հապճեպ նայվածք մը կուտամ, կանցնիմ: Ահա նկարչական արդի դպրոցին վարպետները:
ՈՒ վերջապես հիներուն սրահը:
Հասկացա գերման մտերմիս ակնարկությունը: Բոլորը հոլանտան հոս է՝ Ryjrs museum-ի մեջ: Իր բնությունը, երկինքն ու ծովը, դաշտորեն, ջրանցքը, հողմաղացներն ու ջրաղացը, արոտն և հոտերը Ռյուստայելի, հոպեմայի, Բոլ Բոթերի վրձնով անմահացած. մինչ Նիքոլա Մայես, Ֆրանս Հալս, Բիթեր Տեր Հոխ, Վուվերման, Ժերար Տու և ուրիշներ Հոլանտական ներքինը (interieur), անոր մաքրալույս խաղաղությունն ու մտերմիկ անկյունները, սովորական, այլ միշտ հանդիրեն լուրջ զբաղմունքները, քերմեսյան անսանձությունը, խեղկատակության գրոհը կըցուցադրեն:
Ամենն ալ հավասար արվեստով, հավասար խղճմտությամբ կմրցին. հաղթող ու պարտվող չկա հոս: Մանրամասնությանց անանկ ուշադիր վերաբերում մը, որ լուսանկարչության գյուտը կկանխե: Իրերու ու լույսի գույներուն փոխհարաբերության, ցոլացման խորունկ բանաստեղծները բոլորն ալ:
Այս արվեստը չունի ֆլամանի հզոր թռիչքը, հեթանոսական մերկու