Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/173

Այս էջը հաստատված է

լակոնական, բեմական կերպարանք գրվածին: Նյութը կրկնապես եղերական՝ կրնար վերլուծումներու տոկալ:

Հիվանդագին ու կյանքի սեմին իսկ անհաջող հոգիի մը պատկերն է ՆՈՐԵՐԻՑ ՄԵԿԸ: Տեսակ մը ջղագար է այդ Քամալյանը. ոչ հույս ունի, ոչ հաջողության մասին՝ հավատք, որովհետև իր երազներուն, որոնցմե շատ ու շատ ունի, իրականություն տվող հարատևությունը կպակսի իր քով: Անզոր փճացած է Քամալյանը, որ իր անզորութենեն իսկ կկատղի: Դպրոցն է այդ վիճակին աղբյուրը, որ տղաքը կկազմե անիրականալի իտեալներով ու անոնց գոհանալ կսորվեցնե օրվան մը հաջողությունով և չի զիներ անոնք տևական, ամրակուռ հավատքով մը դեպի ծրագրված նպատակ մը:

ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱՆ արկածյալ սիրո մը պատմությունն է, բայց նպատակը պատմության հյուսքը չէ և ոչ ալ այդ պատմության տիպարներուն ընձեռած հոգեբանության հետաքրքրականությունը, հոն սիրո զգացումը բացատրելու կերպն է հետաքրքրականն ու ինքնատիպը:

Բժիշկ Արզաս Պետրովիչ Մախսուդյանը կնոջ մասին կորսնցուցած է իր հավատքը ու սերն ալ հին օրերու պես չի ըմբռներ: Սիրած է ժամանակին Մարտին Բուղդանիչի աղջիկը՝ Լիզան: Լիզան անտարբեր չի եղած իրեն հանդեպ: Օր մը Լիզայի ստիպումներուն վրա Արզաս Պետրովիչը կպատմե անոր իր ամբողջը կյանքը ու անոր գաղտնիքները: Այդ խոստովանության կհետևի Լիզայի նախ պաղությունը ու հետո՝ անջատումը: Արզաս բան մը չէ հասկնար, բացատրություն կպահանջե Լիզայեն, որ կբացատրե՝ <<բայց ես ձեր մեջ չեմ տեսնում այն զորությունը, որ հպատակեցնում է կնոջը, որ ստրկացնում է նրան: Տղամարդը պետք է ունենա այդ ուժը>>:

Հետո կշարունակե. <<Առաջ չգիտեի ինչ զորություն է, այժմ պարզվեց ինձ համար: Դա այն զորությունն է, որ պահում է տղամարդուն կնոջ համար մի անհասանելի բարձրության վրա: Կինը միշտ պիտի ձգտի մոտենալ այդ բարձրության, բայց չկարողանա հասնիլ: Հենց որ հասավ, այն օրվանից տղամարդը կընկնի նրա աչքում, և նա այլեևս չէ կարող սիրել տղամարդին. ինչպես այժմ ես չեմ կարող սիրել ձեզ, պարոն Մախսուդյան>>:

Ու հետո. << Ես զգում եմ, որ կնոջ համար ավելի դյուրին է և քաղցր հպատակվել, քան՝ հպատակեցնել: Հենց այդ հպատակությունն է, որին մարդիկ սխալմամբ անվանում են կնոջ սեր: Ես այսպես եմ հասկանում>>:

Ու ինքնատիպ օրիորդ Լիզան կամուսնանա վիթղարի, լռակյաց, մռայլ անձի մը՝ Սեթյանին հետ: Մերկացնելով օրիորդ Լիզան իր իմաստասիրական կրկնոցեն, թեև այդ կրկնոցը ըլլա գլխավոր առանցքը գրվածին, կունենանք գեղեցիկ սիրո պատմություն մը, հոն սիրո կյանքեն