Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/185

Այս էջը հաստատված է

Կատոն կերպով մը դեպի անկում կառաջնորդե այդ երկու հեգ սիրահարներուն ճակատագիրը, անով, որ անիրավորեն կչարախոսե Վարվառա Մինաևնան իբր ապօրեն հարաբերությանց մը մեջ գտնվող Ռոստոմյանի հետ ու նույնիսկ Մինաս Կիրիլլիչն ալ իր ստությանց զոհը պիտի դառնա: Պարկեշտության, բարեբարոյության ու անկարեկիր բարոյականի քողին տակ Կատոն սիրահար մը կամ սիրահարներ ունի: Սխալ դաստիարակության ու ընկերային պայմանագրական միջավայրին զոհն է, որ պարկեշտության կեղևը կփնտրե միայն: Նատալյա Պետրովնան ազնիվ կին մըն է: Ան կպատկանի հին կիներու այն բարի դասակարգին, որոնք հոգեբան են, առանց ուսում առած ըլլալու, կարեկից ու գորովի՝ առանց դաստիարակության: Կյանքի փորձությանց դպրոցեն ելած են կամ շառանգականորեն ազնիվ:

Հասարակ տիպար մըն է Կատոյի խեղկատակ ամուսինը՝ Քաջար Լազարը, որ կնոջը ստրուկն է, գերին անոր քմայքներուն:

Վեպին ամբողջությունը ցնցող է, բայց թատերականութենե զերծ չէ: Վերլուծությունները կարճ, ազդող ու վճռական են ու սիրո արտահայտությունները՝ ռոմանտիկ:

ԱՐՍԵՆ ԴԻՄԱՔՍՅԱՆԸ մասնակի հոգեբանության մը խորաթափանց վերծանությունն է և բարացուցական ստվար վեպ մը:

Արսեն Դիմաքսյան, ավարտելով համալսարանական ընթացքը, կվերադառնա Թիֆլիս՝ հոն ստանձնելու դասեր Ներսիսյան վարժարանին մեջ ու նաև ազգային լճացած, նեխած, կյանքին մեջ հառաջ բերելու բարերար շարժումի հոսանքներ, համալսարան գացած է Արսեն՝ հակառակ Հոր կամքին ու հիմա պիտի աշխատի Հորը, որ շատ հարուստ է, վերադարձնելու այն դրամները, զորս ուսանողության շրջանին հակամա ստիպվեցավ անկե առնել: Պետք չէ պարտական մնալ նույնիսկ Հորը: Դիմաքսյան անկախ մըն է, զերծ զինք շրջապատող նախապաշարումներեն, լեցուն գործելու, վարելու, շարժելու կամքով: Բայց հոգեկան այս հարըստությանց քով Արսենի ֆիզիկականը աղքատ է:

«Նա փոքրահասակ էր, նիհար, բայց կուրծքը կազմվածքի համեմատ լայն էր և առողջ: Դեմքի գծերը խոշոր էին, ազդու և անմիջապես ուշադրություն գրավող: Սև ու խիտ հոնքերի տակից փայլող խոշոր աչքերը վերին աստիճան արտահայտիչ էին, խելացի ու թափանցող: Մի առանձին խրոխտություն էր տալիս նրա թխագույն դեմքին կարճլիկ, նոսր մորուքը, մանավանդ արծվային քիթը, որի պնչերը հիշեցնում էին արաբական նժույգի ռունգերս»:

Արսեն Թիֆլիսի մեջ ծանոթ քանի մը ընկերներ ունի: Առաջին գործը կըլլա իր ծրագիրները անոնց պարզել: Ամենն ալ միասին կմտածեն ու