Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/187

Այս էջը հաստատված է

իր սիրտը անոր առջև, բայց անօգուտ: Գայանեն կուզե առանձին ու իր դեռատի զավակներու սիրով միայն ապրիլ, թեև կուսության օրերեն մինչև այդ օրը ան կկրե գաղտուկ համակրանք մի գործիչին հանդեպ: Անդին Դիմաքսյանի խստամբեր, աններող Հայրը մեռած է արդեն: Արսեն, իբր միակ ժառանգորդ, կկարգադրե ժառանգական խնդիրները, գյուղական կալվածներու և գործերու տնտեսությունը հանձնած է Հագիբյանին, գործնական ու պարկեշտ երիտասարդ մը: Դիմաքսյան կորոշե գլխավոր գյուղի մը մեջ ուսումնարան մը բանալ, ու Մսերյանը, որ իր սիրո պարտութենեն վերջ գյուղ մը քաշվիլ կուզե, կհրավիրե գործունեության: Հագիբյանի թելադրությունովն է այդ դպրոցին բացումը: Բայց ինք, Դիմաքսյանը, կմնա նորեն Թիֆլիս՝ շարունակելու համար պայքարը հոգուտ հասարակության:

Ասոնք են վեր ի վերո կարևոր գիծերը ստվար վեպին: Տեսնենք տիպարները, որոնք շատ են, տարբեր խառնվածքներով ու հակումներով: Վեպին Հերոսն Արսեն Դիմաքսյանն է՝ գործիչը, մաքուր, բարձր իտեալով լեցված համալսարանականը, որ ամեն շահ կստորադասե հասարակության օգտին: Ան ծնած է պայքարի, կռիվի համար: Կռիվ՝ հոգուտ հասարակության, կռիվ՝ մոլություններու, ծուռ համոզումներու, նվիրագործված նախապաշարումներու, պղերգ տիրացության դեմ: Մենք Արսենը զինված կգտնենք ամենուն և ամեն բանի դեմ, նույնիսկ՝ իր Հոր: Ան կըսե.

«Եթե մենք ուզում ենք անկախ լինել, առաջին պատերազմը մեր ծնողների դեմ պետք է սկսենք»:

Բան մը չի կասեցներ զինք, դասալքությունը իր խառնվածքին գործը չէ: Ան կվհատի, կդալկանա, նույնիսկ երբ պայքարի կյանքը դադար կառնե: Անոր կարողությունները, զենքերը կսրվին բարերար պայքարին ուժգնության մեջ: Դիմաքսյան կկրկնե միշտ. թողեք հներին, աշխատեցեք նորերի համար, շատ անգամ մեռնող սերունդը իր եսին ուզում է զոհել հաջորդի երջանկությունը: Եթե մենք նրա ամեն մի քմահաճույքներին սանտիմենտալ կերպով հպատակվինք, ոչինչ առաջարկություն չենք կարող անել: Տեսակ մը Հայ Նորման այդ Դիմաքսյանը, որ մրափող, հայելանման ծովը կարհամարե ու մռնչող, վիթխարի կոհակներու առջև ցնծուն կնետվի հեշտանքով իր կուրին մեջ ու բազուկը շարժելով մթագնած ու թլփահորդ ջուրերուն վրա՝ կնետե իր երգը ծովուն մրմռագին զայրութին դեմ: Ահա արտաքին կյանքը, որ գործչի ներքին, անտեղիտալի համոզումերեն կբխի, բայց ան ուրիշ ներքին թաքուն կյանք մը կապրի, մին տխրագույններեն, որ տառապանք կուտա իրեն, կվհատեցնե զինք ու անձնասպանության վրա խորհիլ կուտա երբեմն: