յան մը սիրո ոսոխ կրնար ընդունիլ։ Ուրեմն ան ժառանգականորեն ու վատ դաստիարակությունով սահմանված էր իր բոլոր թշվառ գործերուն։ Անոր համար նպատակն է կարևոր և ոչ՝ միջոցը։ Բարաթյանի սիրուն կինը, Գայանեն, վեպին ամենեն համակրելի տիպարն է, դաստիարակված է ու մտքի սիրահար։ Նորերեն է, կուզե շարժվիլ ու շարժել, բայց իր անմտած սերը դժբախտ կընե զինք կամ ավելի ճիշտ՝ այդ դժբախտությունը ավելի կծանրանա, երբ ամուսնանալեն վերջ կբաղդատե յուրովի իր ամուսինը Արսեն Դիմաքսյանին հետ։ Բայց Գայանե իր միջավայրին կիներուն պես չի խորհիր, ազատագրված միտքով՝ կազատագրվի նաև մարմինով, երբ Բարաթյանի անհավատարմությունը կհաստաաե։ Ինք ալ իրավունք ունի ամուսինի նման ապրելու, բայց կմնա մաքուր, անաղարտ, նվիրված իր զավակներուն, որոնց դաստիարակությունը պիտի ըլլա ալ իր զբաղումը։
Մսերյանը երիտասարդության ձեռներեցությունե զուրկ, անգործնական դասակարգը կներկայացնե, թեև գաղափարներով կխանդավառվի, ազնիվ է, անշահախնդիր վերին աստիճանի։ Մսերյան Դիմաքսյանի վհատող ու երբեմն հուսաբեկ ոգիին քաջալերողն է, ու ասիկա ինքնին պզտիկ գործ մը չէ։ Իր գործունեության տենդոտ ընթացքին, երբ Արսեն թշնամիներու ու իր ներքին թաքուն տառապանքին, տգեղության հարվածներուն տակ կունենա ջղային արտասովոր վիճակ մըն, ու անատակ կկարծե ինքզինք պայքարի, Մսերյան բարերար մեղմող մըն է իր ծանր լուրջ ու անշահախնդիր խանդաղատանքովը։ Մսերյանի, այդ երևույթապես արտաքին աշխարհին անտարբեր էակին, մեջ ալ սերը կգործե, կսիրահարվի օրիորդ Կարինյանին, ու ինք ալ կործանված մըն է սիրո զգացումին մեջ, որովհետև այդ Գերմանիա տեսած մանկապարտիզպանուհին կնախընտրե իրեն կյանքի ընկեր բժիշկ Սալամբեկյանը՝ սկեպտիկ մը նախ կյանքի իրերուն, երևույթներուն ու մարդոց զգացումներուն մասին, իսկ ավելի վերջ սիրո ազդեցության տակ հասարակական կյանքով խանդավառվող մը։
Տիկին Բախտամյանը գեղեցիկ ու դարբասող կին է։ Ամուսնացուցած են զինք ծերունիի մը հետ. իր շիգոհացած կիրքը, երիտասարդի իր եռևեփող արյունը կհանդարտեցնե Բարաթյանի գրկին մեջ։ Անհամապատասխան ամուսնություններու անտեղություններ, ու ատկե ամբողջ ընտանեկան կյանքի թունավորումը։ Տիկին Բախտամյանի ամուսինը, Պյոտր Սոլոմոնիչ, ծեր մըն է, նախանձոտ բոլոր իրեն նմաններուն պես, որոնք աղվոր կին մը ունին։ Այդ նախանձը, որ կկրծե զինք, կփութացնե իր վախճանը։ Ալ չեմ ծանրանար կարդ մը ուրիշ տիպարներու վրա որքան ալ հետաքրքրական ըլլան անոնք: