Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/192

Այս էջը հաստատված է

նույնիսկ կհրամայե։ Կմերժե Մուրատ, բայց ինք ալ կտառապի ու հոգեկան տարապայման թախիծ մը կունենա։ Իսկ որքա՜ն պիտի տառապի հացթուխ Շուշանը։ Ի գին ամեն բանի պետք է բաժնել Սոնան Մուրատեն։ Ու ահա վհուկ պարսկուհի մը գործի վրա է Զարնիշանի հրավերով։ Նախ Սոնայի մատի վրա դերձան մը, հետո տարբեր հնարքներ, բոլորն ալ վհուկի սքողված, մթին արվեստին տակ թաքնված, աղետալի թելադրություններ, որոնք արդեն հիվանդագին ոգիով Սոնան պիտի բարոյալքեն։ Գիժ Դանիել կհսկե սակայն Սոնայի վրան։ Չարագույժ օր մը վհուկ պարսկուհին նորեն եկած է, նորեն դժնե, վայրագ ակնարկներ, փսրտունքներ, ու ահա Սոնա կիյնա գետին լուսնոտության նոպայով։ Պետք է փութով գոցել պատուհանները, ու պարսկուհին, ինքնակորույս հեգին ոտքերեն բռնած կքաշե քյուրսիին տակ, անոր սփռոցները լավ մը չորս եզրերեն կգոցե։ Մեջը արդեն շիկասած կրակ կա։ Հոդ պիտի խեղդվի Սոնան, ու երբ քյուրսիին տակեն անշնչացած Սոնան դուրս կքաշեն՝ հանկարծ կատաղած, ահարկու Դանիելը կուգա իբր վրիժառու ոգի ու կչոքի վհուկի կոկորդին ու նույնհետայն կլմնցնե զայն։

Ինչո՞ւ արդյոք մայրական սերերը այնքան զորավոր են, որ ոճիրներու պատճառ կդառնան։ Հոս, ՑԱՎԱԳԱՐ–ին մեջ, այդ սերն է աղետներուն աղբյուրը։ Սոնայի մոր անհետաձգելի փափաքն է իր աղջկան երջանկությունը, ատոր համար նույնիսկ կծածկե անոր հիվանդությունը և հետևաբար անոր դժբախտության պատճառ կդառնա։ Ու հետո այդ դաժան, չարաժպիտ կինը, Մուրատի մայրը, Զարնիշանը, ի սեր իր զավակին կմերժե ամեն գութի զգացում ու կմահացնե հրեշտակային Սոնան։

Գործին ամբողջական կազմը պարզ, հստակ ու անկնճիռ է, ու պատմվածքին ձևը՝ սպրտիկ, կոկիկ, նույնիսկ շատ սղագրված։ Տիպարները ու անոնց բարքերը վարպետորեն արտահայտված են, ու ինչ որ ամենեն հետաքրքրական է, վեպը իր ամբողջ սարվածքով գերազանցորեն հայկական է, անաղարտ տոհմայնությունով, ու ողբերգությունը, որ կսահի մեր առջևեն, մեր գավառներուն էն խուլ անկյուններուն մեջ իրադարձվող նմանօրինակ եղելություններուն մեկ վարիանդն է։

ՔԱՈՍ մեծ վեպին վերլուծությունովը ու քննադատական հայացքովը պիտի վերջացնեմ Շիրվանզադեի վեպերուն ցանկը, թեև ուրիշներ ալ ըլլան։ «Քաոսը» հեղինակի վեպերուն գլախգործոցն է։ Շիրվանզադեն ուրիշ ոչ մեկ գրվածքի մեջ դրած է այնքան բազմաթիվ անձեր, այնքան առատ հոգեբանական լուրջ խնդիրներ, ընկերային հավատամքներ, ձգտումներ, ուրիշ ոչ մեկ տեղ նույնքան իրարու հակասող բարդ զգացումներ ու համոզումներ, իրարու հակասող բարքեր ու սովորություններ վերլուծած է։ Կերպով մը արվեստագետն իր ամբողջական գրական գործին գլխավոր