Վանքը
(Վարդապետի մը օրագիրը)
Մուտք
հանձնեց ինձ թուղթերու այն ծրարը, որ 99-ի
տխուր օրերուն՝ Ազգին Տան մեջ մեռնող
երիտասարդ վարդապետի մը կտակած միակ
հարստությունն էր եղած:
Դասավորելով այդ էջերը, զանոնք
հրատարակության կուտամ «Վանքը»
Ա
Երկու շաբաթ է, որ հոս եմ: Առաջին օրերու ծանր տպավորություններս մեղմիլ սկսան ու վարդապետի գրեթե շա՜տ միօրինակ, մենավոր կյանքս գտավ իր սովորական ընթացքը:
Բայց ինչո՞ւ տեղափոխություն մը ասանկ հուզեր զիս. չեմ կրնար ծածկել օրագիր մը մտերիմ թուղթերեն, առաջին օրերու ձանձրույթովն ու անստուգությամբ բավական տառապեցա:
Ապրած էի մենարանի կյանքը իբրև Արմաշի աշակերտ. հետո զայն լիությամբ ճաշակած՝ սարկավագությանս փորձի օրերուն, ճանչնալով կամավոր զրկման ազնիվ, այլ տրտում զգայությունը, ամայի խուցերու մերկության մեջ՝ ստվերիս հետ մտերմացած այն ատեն՝ երբ ապաշխարանքի պասուքը իմ սիրտս կլցներ հաղթության երազներով, որովհետև կկարծեի, թե նվիրապետական բարձրացումը ինձի պիտի հետևեր, տիրացնելով զիս ծաղկյալ, ոսկեհուռ հանդերձանքի, մատանիներու և լանջախաչի մը, որոնցմով մեր տգետ ու զառամ եպիսկոպոսները կծանրաբեռնվի: Ինչո՞ւ հիմա ալ չհուսամ, քանի որ քսանվեց տարեկան եմ, դեռ երիտասարդ: