Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/202

Այս էջը հաստատված է

նավոր տեսականի մը մեջ էլիզբարով, իր գործակատար Սաղաթելի հետ թուղթերը կգողնա գզրոցեն։ Մարգարիտ կիմանա, կտեսնե եղելությունը, կպաղատի, կաղերսե հորը՝ թուղթերը երևան հանել, իրեն հանձնել։ Անդրեաս կրակին մեջ մոխիր կդարձնե բոլորը։ Հետո Արտաշես Օթարյանին հանդեպ իր համոզկեր լեզուն կփոխե, կսպառնա անոր ու տունեն իսկ կվռնտե։ Օթարյան Մարգարիտեն թուղթերը կպահանջե։ Մարգարիտ հուսահատ անձնասպան կըլլա։ Այս է տրամին հյուսքը։ Տեսնենք հոն գործող անձերու նկարագիրը և թատերական կտորի արժեքին իրենց բերած բաժինը։

Անդրեաս էլիզբարյանի անցած կյանքը «Գործակատարի հիշատակարանից» Խաչեն կհիշեցնե։ Հարստացեր է թուքով, մուրով, կեղծիքով, խաբելով, կողոպտելով։ Իր գողի ունակությունները կասկածոտ դարձուցած են զինքը։ Իր շուրջը Արբակոնին նման գողեր, կեղեքողներ կտեսնե։ էլիգբարյան իր քովիններուն կպոռա. «Գնացեք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չե՞ն թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, փողոցները գցել»։ Անդրեաս նույնիսկ զավակներեն ալ կկասկածե, անոնց ալ չի խնայեր. «Դուք ինձ կերա՛ք, քանդեցիք», կձայնե։ Բոլորովին Մոլիերի ագահը չէ սակայն Էլիզաբարովը, իրավ ագահ է, դրամը կսիրե, բայց իր բարկությունը, կասկածոտությունը բուռն, կատաղի զայրույթի նոպաները իր դրամները գողցվելու կասկածանքեն առաջ չեն գար միայն, այլ տեսակ մը խիղճ ալ մնացած է մեջը, որ անհանգիստ կընե զինք։ Ներքին ձայն մը ունի Անդրեաս, որ անընդհատ կխոսի իրեն։ Իր կինն ալ, առաքինի Երանուհին, տևական հուշարար մըն է իր գործած չարիքներուն։ Զայն տեսնելով՝ ինչու՞ Անդրեաս նոպաներու կմատնվի, որովհետև Երանուհին Էլիզբարովի ներքին թաքուն խռովքները կարթնցնե։ Կերպով մը էլիզբարովի խիճըն է ան։

Այս կատաղի մարդը կարելի է նույնիսկ հեզ, ազնիվ, ողորմելի մեկն ըլլար, եթե չունենար իր Մեֆիստոն, Սաղաթելը, տիկին Երանուհիի եղբայրը, տերտերի զավակ։ Սաղաթել իր քրոջ Հակոտնյան է։ Այս Սաղաթելը Շիրվանզադեի ամենեն մեծ ստեղծագործություններեն մին է։ Բանի մը չի հավատար, նույնիսկ՝ արքայության ու դժոխքին, թեև միշտ համրիչն ձեռքն է ու աղոթքը՝ շրթներուն վրան։ Ուսում չունի, կսիրե գիտությունը։ Իր քրոջ, Երանուհիին կըսե.

«Ինչո՞ւ։ Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական լույս է տվել գիտությունը։ Ասա, խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամաֆոն՝ գիտությու՞նն է հնարել, թե քո տերտերները»։