Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/25

Այս էջը հաստատված է

Ու իրավ գունատ լույսի մը տակ՝ Խաչերի դեմքը դժգույն ու հյուծած կերևար:

— Բան մը չունիմ, հայր սուրբ…

Անկողնին մեջ պզտիկ տեղ մըն էր գրաված Խաչերը, ասիկա ինձի կրկին խորհիլ տվավ անոր ազազուն մարմնին վրա, ու գթությամբ լցվեցա:

Բոլոր հարցումներս, պնդումս, աղապատանքս անօգուն անցան. ի վերջո սկսավ արտասվել լիորեն, ու ես բեկյալ կդիտեի արտասուքներուն կոպերեն ծագիլը, տարածվիլը սառնենիին և բիբերուն վրա, հետո այտերեն մեղմորեն հոսելով բարձի ստվերին մեջ անհետիլը:

Չեմ գիտեր ո՞ր վեպին մեջ ասանկ հյուծող փոքրիկի մը նկարագրությունը կարդացած եմ… կարծեմ ի վերջո մեռած ալ է:

—Մայրիկիդ վրա՞ կխորհիս, Խաչեր… Ձեր տունի՞ն վրա…

Չի խոսեցավ: Հակառակ անտանելի ցուրտին՝ երկարորեն նստա մանուկին քով, շոյելով անոր քրտնաթոր ճակատը, մինչև որ քնացավ ու իր թրջված դեմքը ստացավ ժպտուն այլ պատրաստած խաղաղության մը:

Վեհարանի սանդուղքի տակ, դիտելով տնտեսուհիներու սենյակը, ինձ թվաց թե՝ կլսեմ Շուշանի հեզ ձայնը. կանգ առի՝ հետո իր լուսագիծ հասակը տեսա դռան սևության մեջ… երա՜զ…

Հանցավորի սոսկումով վազեցի սենյակս…

Ը

Հունվար…

Երբ լուսավոր ու տաքուկ Վեհարանեն ներս մտան՝ մեկեն այլափոխվեցավ իրենց սովորաբար ցուրտ դեմքը:

Տասնհինգն ալ ընդարձակ սենյակին լռության մեջ ավելի արագ և աղմկալի կշնչեին, անձկությամբ դիտելով բոլորի սեղանին վրա դիզված գույնզգույն ծրարներ, որոնց երանգը ձեղունեն կախված մեծ լամբարին լույսով կսաստկանար:

Առաջին գոհունակ տպավորության մեղմանալն վերջ կսկսԵր զարմացման և հետաքրքրության շրջանը: Իրավ որ շատ տարբերություն կա որբերու հարկաբաժնին ու վեհարանին միջև: Ծիծաղելի է սա վեհարան պատվանունը, չես գիտեր ո՞ր հիմարը դրեր է. իբր թե կաթողիկոսի մը սրահը եղած ըլլար այս քառակուսի, մեծ սենյակը:

Տղաք կդիտեին որմերուն վրա գտնվող քանի մը պատկերները, որոնց յուրաքանչյուրը հավանության և հիացման զուսպ աղաղակի մը տեղի կուտար: