Երբ Պոլիս ինկա, կարծեցի թե վանականի օրերուս հրաժեշտն էր ալ կսկսեր քաղաքին ժխորալի, հևիհև կյանքը, զոր երազած էի երկար տարիներ և ուրե հիմա հաճելի հիշատակներ ունիմ. շատ երիտասարդ, գրեթե երկչոտ պատանի, երկրորդական թաղի մը քարոզիչ կըլլայի Հազիվ ցանցառ հարաբերություններ հաստատած, ընտանեկան ջերմին մթնոլորտը վայելած, ահա կնետվիմ գավառի մը անկյուն` այս վանքը, քաղաքեն հեռու, մենավոր բնության մը գրկին մեջ:
Առաջին օրերը, մանավանդ գիշերներս լի եղան մթագին տպավորությամբ, ինձ այնպես կթվեր, թե չպիտի կրնայի հանդուրժել վանական նոր մթնոլորտին: Պոլիսը, շքեղ տեսարանը, իր փողոցներն, ուր կպտտեցնեի իմ սև ստվերս անայլայլ երևույթով, սակայն աշխարհիկ տենչանքներուն հույզովը լի, խուցս, բարեկամներս կկանչեին զիս: Ջո՜ւր կոչում ըրի պարտականությանս զգացման, որովհետև նվիրական գործ մը կծանրանա վրաս. հոս ղրկված եմ այս նորաբաց Որբանոցին տեսուչ, իբր հայր բյուրավոր որբեր են մեկ-երկու տասնյակին, որոնք, անագորյուն ջարդերու զոհ, պիտի գան այս հովանավոր հարկին տակ պատսպարվիլ:
Գոնե այդ մտածումը հանդարտեցնելու հանգամանքն ուներ, բայց չեմ գիտեր ինչո՞ւ անզգա կմնայի. կարծեմ քանի մը գիշեր ալ լացի: Արդեն տեղե տեղ փոփոխությունը միշտ ճնշած է վրաս, տղայությանս օրն ալ ունեի այս դյուրազգացությունը:
Բայց առաջին շաբաթեն հետո, համրաբար գտա պաղարյունս և հիմա համոզված եմ վանքին վարժվելու գաղափարին, ու թերևս օր մը սիրեմ զինք. կարծածիս նման ամայի չէ, օրեօր նոր դեմքերու կհանդիպիմ:
Վանահոր հետ արդեն բարեկամացանք: Մարդ մը, որ վաթսունը մագլցած ըլլալու է, եթե ցատկած չէ. խաչի սփռոցի մը նման կարմիր դեմքին վրա, մեղրագույն և յուղոտ աչքերը հազիվ կփայլին, սև մորուքը ալևորիլ սկսած է. գոմեշի անայլայլ կերպարանք մը՝ մեկ խոսքով: Անդամները, իրանը գիրուկ են. ե՞ս ալ արդյոք օր մը իրեն նման պիտի ըլլամ, պարարտ անասուն մը և կյանքս անփառունակ այս վախճա՞նը պիտի գտնե վանքի մը լերկ որմերուն ետին: Բնա՜վ, ծայրագունությունը, որով կպարծենա այս մարդը, չի գոհացներ զիս:
Թերևս շատ փառասեր եմ, բայց իմ երախտավոր և բանիմաց ուսուցիչներես Օրումյանը կկրկներ միշտ. «Փառասիրությունը մեղքերուն էն ներելին է»:
Սակայն ատելի մարդ մը չերևիր վանահայրը. իր ընդունելութենեն գոհ եմ. զվարճախոս է: Զարմանալի է, որ ազգային աղետեն չէ ազդված ու հույս չունի որբանոցին հաջողության. տեսակ մը չկամություն ալ