մըն ալ պիտի կրկնվին իրենց հնամենի իսկությամբ. կկարծեմ լսել քերոբեներու թևին մեղմ թափահարումը, դաշտն ալելուներու հետ:
Մանկությանս օրերեն ի վեր սպասված եմ ծիրանազգեստ ու թանկ քարերու տակ պսպղուն ալևոր մոգերուն, բայց կա՞ լուսավոր մը, որ զիրենք հոս առաջնորդե. մեր երկինքը մութ է միշտ…
Ծնունդը կյանքի կայծ մը կհարհրե մեջս, և երբ ներս մտա եկեղեցիեն՝ հակառակ ցրտասառույց մթնոլորտին ու ամայության, հրապույր մը, վերածնված բան մը գտա հոն:
Սեղանի նկարը, որ Հիսուսի ծնունդը կներկայացնե, խանդաղատանք տվավ ինձ. կարծեցի թե իր խանձարուրքին մեջ աստվածորդվույն մերկ այլ գրգալի մարմինը ջերմություն կշնչեր ու մայրը՝ մեղմորեն վայրահակ, նրբորեն կժպտեր իր կապույտ սավանին տակեն: Անոնց ետև էր Հովսեփը՝ ճաղատ, տառապագին ու խոր դիմագծերով: Հոն գառնուկ մը դունչը կերակրեր մանկական ոտքերուն ու եզի մը լայն ռունգերը խանձարուրը կհոտոտեին: Հեռուն, անհրապույր արահետի մը մեջեն՝ լեղակագույն երկնքի մը դեղնալույս աստղը կառաջնորդեր մոգերը:
Երկարորեն դիտեցի անծանոթ վարպետին այդ նախնական գործը: Թերևս հաջող նկար մը չէ, գույնի նվազություն կա կարծեմ, գծագրությունն ալ գեշ, բայց զգացումը կատարյալ է: Հետո արվեստագետին գործը կամբողջանար իմ իսկ զգացումներուս թելադրությամբ, որովհետև օրվան ներշնչումները սաստիկ էին:
Բավական ատեն հառած մնացի: Մեկեն ծավալող բույրի մը ազդեցության տակ դարձա դեպի ուրիշ նկարներու, ծխացող բուրվառ չիկար տաճարին մեջ, զգայության պատրանք մըն էր ունեցածս: Նստա, քիչ հետո լռության մեջ միտքս կարծարծեր սա բառերը.
—Ծնա՜վ նոր արքա... Ու ես անկամ սուզվեցա սա մտածման մեջ, ե՞րբ պիտի գա Ծնունդը մարդկային բարօրանքին, ու մանավանդ ո՞ւր էր մեր Ծնունդը: Դարեր առաջ՝ երկրի վրա խաղաղությունը կիջներ, մարդոց մեջ հաճություն. այլ չի դադրեցան պատերազմներուն ավերը, ոխությանց անսանձ թափը. երակներու մեջ արյուն չի մնար, ու գերիվար ազդերուն առջև կցցվի միշտ սուսերամերկ բռնությունը, վայրագ հրոսակներու թուքը տակավին կաղարտե վաստակավորին ճակատը, ու ինչո՞ւ հայուն տառապանքը ասանկ հավերժացավ:
Ըմբոստ էին այս մտածումները, գիտեմ, ու անհարմար դիրքիս, ինչպես միջավայրին, բայց արգիլել չի կրցա:
Երբ համառոտ արարողությունը լրացուց եկեղեցին, վանքին ցանցառ բնակչությունը մեկնեցավ: Ամենեն վերջ Շուշանը ու իր մայրը դուրս ելան.