Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/4

Այս էջը հաստատված է

կցուցնե: Հոգ չէ՛, իրմե ավելին ուզել անհարմար է, կյանքի մեջ դաստիարակված կերևա, քան՝ դպրոցին, և առաջին պարագան անանկ փայլուն վկայական մը չէ: Շատ ալ տգետ է, չունի հայրենագիտության մասին մեր նոր լույսերը, պատմաքննական մեկ-երկու կողմնակի հարցերուս Խորենացին իր մեծագույն աղբյուրը եղավ. ծիծաղելի գլուխ սա Խորենացին. կարծեմ «Հանդես Ամսօրեա»-ի մեջ կարդացի քննադատական հոդված մը իր մասին, սա վերնագրով «Պատմութիվն Ստոյն Մովսեսի Խորենացվո». այդ մարդը ավելի վեպ մըն է գրած, քան պատմության գիրք:

Ինչ որ է, կհուսամ, թե պիտի կրնամ վարվիլ վանահայր Վարդանին հետ: Անունն ալ իրեն պես կարճուկ:

Բ

Նոյեմբեր...

Երկու օր առաջ ավելի հաջող գյուտ մը ըրի. արքենի հասակով տարեց անձի մը հանդիպեցի վանական բակին մեջ. հազիվ խնդուքս կրցա զսպել. ալեկոծության բռնված նավու մը կայմին պես երերալով՝ գավազանի մը օգնությամբ կերթար. հովիվ չէր կրնար ըլլալ, քանի որ հնամաշ արևմտյան տարազ մը կկրեր. թերևս վերակացու մը՝ մտածեցի, սակայն դաժան դեմք չուներ: Զիս երկբայնքի մեջ ձգեց տատամսելով մոտեցա իրեն:

—Բարև, եղբա՛յր...

—Բարև, հայր սուրբ:

Այսքանը բավեց: Նստելով բակին մեջ կանգնող զանգակատան աստիճաններեն միույն վրա, ծանոթացնող քանի մը հարցումներե վերջ, մեր խոսակցությունը սկսավ հածիլ խնդիրներու շուրջ:

Նախ վանքին վրա անդրադարձանք, ու մինչ ընկերակիցս զիս տեղեկություններով կհարստացներ, ես կդիտեի իր դեմքը: Անիկա պատկառելի էր առանց այն խստության, զոր տարիքը, տառապանքն ու ծերության հոռետեսությունը կրնան դնել դեմքի մը վրա: Երկար մազերուն և բոցաձև մորուսին դեղնոտած սպիտակության մեջտեղ, իր ցայտուն գիծերով դեմքը տկարորեն խորշոմած էր և թուխ, արծվային քիթ մը զգալիորեն կորանալով՝ կհակեր դեպի բերնին սև գիծը: Այդ կորովի դեմքը տարորեն կմեղմանար աչքերովը, որոնց կապույտ քաղցրությունը տակավին մարած չէր կայծը, որ ինչպես հասկացա հետո, կհոսի անոնց մեջ խելանի և հետաքննին բանականութենե մը:

Աշնանային, որովհետև այդ եղանակին մեջ ենք, գաղջ արև մը մեզ կողողե, խտղտացնելով մեր կողերը գոհունակ սարսուռով և հոսելով