Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/43

Այս էջը հաստատված է

Բան մը չեմ խռովիր. զարմանալի՜ վիճակ. իմ դյուրահույզ հոգիս անտարբեր հանդիսատեսը կմնա իրերուն, մարդոց ու անոնց խոսքերուն, իբր թե երբեք լսած չլլայի զիրենք, կամ անոնք ինձի խոսած չըլլային։

Կուգան բաներ կըսեն, նույնիսկ գուրգուրալից բառեր կբերեն, ազնիվ մարդիկ, հանձնարարություններ կընեն առողջությանս ի նպաստ,ես կնայիմ իրենց, այսչափ. չեմ գիտեր հյուծած ակնարկս բան մը կխոսի՞ անոնց։ Հաճախ բառերը կանցնին իմե ներս, բայց արձագանք չեն գտներ. բան մը չարթննար մեջս, հետևաբար ոչինչ կմարի։

Իրերուն ու առարկաներուն կնայիմ անոնց երբեմնի իմաստը առանց ըմբռնելու. թերևս վիճակներու հետին կարելիություն է աս. մարդուն երանությունը։

Այո՛, հառիլ, տեսնել, վայելել անշահախնդրորեն, անասնորեն, առանց իր անձեն բան մը հարցնելու աշխարհին։ Զարմանալի է, որ դատողությունս կգործե ու կզգամ վիճակիս անսովորությունը…

Երեկ առաջին արևն էր, որ տեսա, գարնան նորընծա ժպիտները զգացի։ Քանի մը անգամ գացի պատուհանիս մոտ նստիլ, ուսերուս փսի մը և ծունկերուս վրա ձգած, վայելելու համար սարսափելի և երկարատև ձմռան մը ու հիվանդությանս ոգեվարին հաճույքը։

Բարեկենդանը անցել է արդեն. երեկ Ալեքսանդրը կըսեր, թե անհաճո տոներ էին զայն, գրեթե տխուր. պատճառը հիվանդությունս էր անշուշտ։ Խեղճ մարդիկ ու մանավանդ ապերախտ վայր, ուր մեկու մը տկարությունը մյուսները կզրկե օրինական ու անմեղ հաճույքներե։

Այս հարկից ու անկապ մտածումներն ու պակերները անանկ անճիգ ինքնեկությամբ մը կանցնին մտքես, որ կարծես թե այդ բոլորը մտածում ես ու իմ զգացումներես օտար տեղե մը գային, իբր հանգրվան գտնելու ուղեղս՝ և նույնհետայն իսկ շարունակեին իրենց ճամփան։

Արևը բավական է սակայն. արևը՜։ Ան ձյունի լայնածիր տարածության վրա ադամանդի բյուրավոր դյուրարծարծ ու հանկարծաշեջ կայծեր կվառե, մինչ երկինքը տակավին կպահե վախի պես մութ բան մը իր կապույտի մեջ, մերժելով ճառագայթներու ջերմությունը։

Հինավուրց՝ այլ կորսված սիրելի, արև՜, գթության պես արդար ու մայրական, հիմա գիշերն ալ քեզ կերազեմ…