Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/60

Այս էջը հաստատված է

Բան մը դիտեցի սակայն Շուշանին վրա, հիմա ավելի մելամաղձոտ է, թեև միշտ լուրջ ու երազուն եղած է ան: Անշուշտ վանքին ազդեցությունն է, այս մենարանին, որ բնության շքեզ ծոցին մեջ տխուր է, մահահոտ անցավորին խոհանքովը հագեցած:

Բնությունը իր շքեղանքին մեջ իսկ տրտում է, երբ կյանքին երգը չի բարձրանար անոր վրա: Եկեղեցին աղբյուրը կըլլա հավատքին և բարվույն այն ատեն, երբ մարդկային կյանքը կյանքով կնվիրագործվի:

Հոս՝ այս գմբեթներն ու շինությունները, բակը, շիրմաստանն ու կանաչ դաշտորեն, զանոնք գրկող կապույտը, միստիկ խուրհուրդներու նկանակը միայն կուտան ինձի ծամելու: Ես, ատոր սահմանված կրոնական, երբ կուզեմ նետել ու կոխոտել զայն՝ հապա ի՞նքը, արբունքի հասած աղջիկ, գեղանի, առույգ, ինչո՞ւ չի խորհեր կենսալի քաղաքին ու կրակոտ տղոց վրա…

Առտուները ժամուն սյունակապ դռան խորշին մեջն է, տատրակներով զբաղած, իրիկվան դեմ շիրմաքարի մը վրան կգտնեմ զինք ձեռներեն մին քունքին, մխրճված երազանքի մը մեջ, որ դաշտերուն վրա կկորսվի: Երթամ հարցնելու անոր նյութը հողին, քարերուն և ծառին, ծաղկանց կամ եթերին… ի՞նչ կխորհի, որո՞ւ վրա… իմ վրա թերևս… չի՞ կրնար ըլլալ:

Երեկ Եղիազարի սենյակեն մեկնելես վերջ նորեն շիրմաքարի մը վրան նստած գտա զինքը:

—Բարև՜, օրիորդ Շուշան…

—Բարև, հայր սուրբ:

Ոտքի ելլել փորձեց, չի ձգեցի:

—Օրիօրդ, վերջալո՞ւյսը կդիտեք…

—Այո՛…

—Գեղեցիկ է տեսարանը… աղվո՜ր են դաշտերը, լա՛վ է պտույտներ ընել ասանկ օդով…

—Այո՛…

Այսչափ: Հակառակ խոսելու կամքիս՝ պապանձումը կապեց զիս:

Այդ պահուն ամեն բան կմերժվեր մտքիս, լեզուս կշարժեի բերնիս մեջ՝ այլ իր շարժումը հողավոր ոչինչ կծներ:

Լռության վտանգը զգացի. պիտի ձգեի, որ թռչունը հեռանար… ինձի համար պատեհություններուն վերջինն էր ատ, որովհետև արձակուրդի ետին երեկոն էր, որբերը պիտի գային մեկ երկու օրեն:

Սակայն ի՞նչ ըսել. չէի կրնար խոսիլ: Անկարելի, անկարելի էր սիրո օտար եղող մազերուն վրա հածիլ: Իսկ սերս հապա ինք ինչո՞ւ չի խոսիր