Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/71

Այս էջը հաստատված է

թող ըլլա ճաճանչավոր խաչ մը, օրհնյալ ջուրի մեջ ընկղմող մանր խաչերուն փոքրագույնը, անծանոթ ոսոխներուս ճակտին բանալու համար կարմիր ճեղք մը, ինչպես աղեկ ձմերուկի մը վրան․ լավ է գյուտդ, չէ՞, Արտակ․ ձմերուկին վրա սայրասուր գործիով խիստ վերք մը ստեղծել։ Չե՞ս վախնար, հեգ սիրտս, և, ազազուն անդամներս, չեք դողար, ո՛չ, կըսեն, երբեք․․․ Ձգել, որ նման ստեղծագործություն մը կոպիտ թևերու մեջ խամրի, տմույն զավակներ ծնի։ Իրավ այս պահուն բան մը կըլլամ, գլուխս կերերա ինքն իրեն ու կզգամ, որ դեմքս խածնող մը կա․․․ հիմարությունն է։

Այս բոլորը ենթադրություններ են, սնոտի երազներ թերևս։ Նույն բանն է, երբ ամիսներ վերջ իրագործվին․ այն ատեն, չեմ գիտեր՝ թերևս մոռնամ կամ մեկնած ըլլամ։

Երթալու, հեռանալու եմ ասկե, քանի որ ամենուն բերնի ծամոց եղած չէ գաղտնիքս․ արդեն Եղիազարը գիտե ամեն բան, երեկի իրեն տված այցելությունս ապշեցուցիչ հայտնություն մը եղավ ինձի համար։

— Մեկնելու ես ասկե, Արտակ,— ըսավ ինձի,— որովհետև կլիման չի հարմարիր քեզի․․․

— Քաղաքի բժիշկն ալ նույնը կըսե,— պատասխանեցի։

— Քու հիվանդությունդ կրկնակ է,— շարունակեց։

— Կրկնա՜կ,— պոռացի երեսին, ոտքի ցցվելով, մատնվելու մեծ վախով մը համակված։

— Այո․ զիս իբր մեծ եղբայր մը ընդունե․ ինչու ծածկեմ, երկար ժամանակե ի վեր դիտած եմ կյանքդ և կըսեմ, թե գեշ զառիվարի մը վրայեն կերթաս․․․

— Ինչու՞․․․

— Հիվանդ ես ու կսիրես․․․

— Աա՜հ․․․

Այս եղավ միակ բացականչությունս․ նետվեցա իր ծունկներուն առջև ու գլուխս թաղելով գիրկին մեջ՝ սկսա հեկեկալ։

Հետո ոտքի ելլելով գոչեցի․

— Հիմնովին կսխալիք, չեմ սիրած երբեք, բայց հիվանդ եմ, կարծեմ թոքերես արյուն կուգա․․․ բայց կաղաչեմ, այդպես լուրեր մի տարաձայնեք․․․ մի՛, մի՛, կաղաչեմ, ես ինչ ընեմ այն ատեն, անդարձ պիտի կորսվիմ․․․

Ու նորեն լալ սկսա անհուսորեն սև, սրտակեղեք հեծեծանքով մը, ձեռքերովս ճակատս ու դեմքս գոցած։

— Ծածկելու պետք չկա, կարծվածին չափ անտեղյակ չեմ հուզումներուդ ամիսներե ի վեր հալիլդ կտեսնեմ, այսօր առիթն է, որ քեզի