Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/73

Այս էջը հաստատված է

սանդուղներեն իջած պահուս․ բակին մեջ, ուր տղաք աղմկալի խաղ մը կխաղային, քանի մը բառ փոխանակեցի պ․ Ալեքսանդրին հետ։

–Հայր սուրբ, այսօր աղեկ կտեսնեմ քեզի։

–Աղե՛կ․․․

–Այո՛, շատ աղեկ, դեմքդ գունավորված է։

– Թերևս, պ․ Ալեկսանդր․․․

Այդ պահուն վանքին մեծ դռնեն կուգային այծերը, գառներն ու ոչխարները․ մթնոլորտը քանի մը վայրկյան անտանելի աղմուկով ու մայուններով լեցվեցավ, մինչ տամուկ բուրդերեն ելլող հաճոյալի բուրում մը ողողեց բակը․ քիչ մը վերջ լռեց ամեն բան․ տղաք ալ չէին խաղար․ Հետամնաց գոմշուկ մը, չեմ գիտեր ինչու առանց որոշ գոհունակության, երբեմնի զվարճալի բառախաղ մը հիշեցուց ինձի։

Համեցող գառնուկ մը՝ ժամուն դռնեն դեպի խոհանոց կվազեր մայելով․ ատիկա այն անասունն էր, որ տերև ու ծաղիկ կուտեր Շուշանի ափեն․ հովիվը գավազանը արձակեց անոր ոտներուն, գառնուկը ցավագին մայունով մը փախավ ներս․․․

—Է, է՜, մի՜ զարներ, վայրենի, – պոռացի, ու ձայնս խեղդվեցավ հուզումիս մեջ:

Հետո վազեցի դուրս, դուրս՝ նստելու շիրմաքարի մը վրան, երկորեն հառելով հազիվ գծագրվող ուղիին, ուրկե պիտի ծագեր Շուշանս…

ԻԷ

Մայիս…

Եղիազարին հետ ունեցած հուզումնալի խոսակցութենես վերջ՝ վիճակս չէ բարվոքած։

Մխիթարվիլ կարծեցի սիրտս մեկուն ափը պարպելով, սակայն քանի մը ժամվան սփոփանքե վերջ՝ գտա սովորական վիճակս, հիմա՝ երբեմն ալ կասկած կունենամ, թե միգուցե ծերունին հայտնե ամենուն՝ ամեն բան...

Կճանչնամ Եղիազարի հոգին՝ ինչպես սկիհի մը պարունակությունը, բայց իմ մտածմանս ու զգացումներուս տերը չեմ ես. ժամանակե մը ի վեր անձս ինե դուրս ճակատագիր մը կվարե. մերա՜վ երբեմնի փառավոր կամքդ, Արտա՛կ...

Եղիազարը կարծես գիտենալով անձկությունս՝ միշտ կայցելե ինձի, աշխատելով զվարթություն ճարել. կզգամ իրազնիվ ճիգ՝ ու երբեմն դիտումնավոր ժպիտ մը կստեղծեմ շրթունքիս ծայրը: