Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/74

Այս էջը հաստատված է

Երբ հատեն իր սրամիտ խոսքերը,այն ատեն՝ ձեռագրերուն վրա կանդրադառնա, նկարներու ու անոնց գծագրիչներուն անունը կուտա աղապատանքով:

Մեկնելե առաջ, առողջությանս համար հուսադրիչ մեկ երկու բառե վերջ, կկրկնե միշտ:

—Արտա՛կ, մեկնելու ես, լավ ես, բայց խնամքի կկարոտիս...

Կկարոտիմ շա՜տ խնամքներու ու թերևս ալ ոչ մեկ խնամքի... Արդյոք Եղիազարը չի՞ խորհեր,իր հոգվույն ճշմարտության մեջ, իմ մոտավոր մահվանս վրա: Հիվանդներու հետ խոսելու կերպ մը կա. գերեզմանի մոտ գտնվողին իսկ՝ գարնան պտույտներու ու փրցվելիք վարդերու վրա կխոսին... գիտեմ այդ ամենը:

Մեկնելու եմ ասկե, խոստացա Եղիազարին հեռանալ վանքեն: Կեդրոնական վարչության ղրկվելու հրաժարագիրս ալ պատրաստած եմ: Ի՜նչ նպատակներով եկա հոս ու որքա՜ն անփառունակ է այս վերջավորությունը...

Բայց այս ամենը,Եղիազարին պատկառելի ու բարեկամ խոսքերը,մեկնումի հույսերս, հիվանդությունս,որ համրորեն կգրավե թոքերս, որովհետև արյուն կթքնեմ ու գիշերները հազի նոպաներ կանցունեմ, ոչինչ են՝ սերս կշահապետե ասոնց վրա ու իր առարկան կուզե, կպահանջե, իր անուշ առարկան, որ ահա արդեն իսկ շաբաթ մը կըլլա՝ և հոս չէ:

Մինչև ե՞րբ նստիմ շիրմաքարին վրա, որուն մոտ ուզեցի մայրամուտի մը՝ իրեն մերկացնել հոգիս. մինչև ե՞րբ հետամնաց թռչուններուն հետ դառնամ հուսաբեկ, խուցիս մենությանն ու մութին մեջ թաղել սարսռուն էությունս...

Հույս չկա, գիտեմ.. բայց պիտի նստիմ խավարին մեջ գիշերն ալ, եթե չի վախենամ վանահայրեն, որբերեն. պիտի դուրսը նստիմ, որովհետև դոդոշներու երաժշտությունը հիշատակներս կօրորե ու քաղաքին կողմը վառող լուսածոր աստղ մը՝ հոգվույս սև բոցին կժպտի, անոր ակնարկներուն նման...

Կսպասեմ Շուշանին, որ քաղաքն է. հո՞ն է, կրնա մեկնած ըլլալ. անկարելի է ատիկա, որովհետև հոս են իրենց գույքերը:

Ծերուկ տնտեսուհին ալ այս հապաղումին պատճառը չի գիտեր, բայց վստահեցուցզիս, որ մեկ-երկու օրեն մեջտեղ կելլեն:

Մանկությանս օրերուն եղած է, որ սպասված բանի մը հրապույրը ժամերս երկար ու տաղտկալի ըներ. հիմա սպասումին անձնուկւ կուտե զիս, կկրծվիմ ես, ինչպես ժամուն թանկ կտավները որդերեն, կամ կարմիր պղինձը՝ կանաչ ժանգեն: