Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/80

Այս էջը հաստատված է

Քով խոժոռ սուրբեր ամեն գիշեր ժողով կընեն, թափոր կազմելով կերգեն... ես վանքին սենյակներեն կսոսկամ... սատանաները կբնակին...

—Տեսա ես... ստանա՜ մը տեսա սև դեմքով, կրակե աչվներով...

Ա՜յ, սուր ակռաները կցուցնե... ճերմակ ակռաները: Մայրի՜կ, վանքը լուռ է... մեր փողոցը շատ պզտիկ տղաք կխաղային գարնան իրիկունները... գիտե՜ս, մա՜յր, երբ ծիծեռնակ մը մեր գլուխներուն քսվելով կսուրար՝ մենք կպոռայինք ետևեն իյնալով... Վանքին մարդիկը քիչ կխոսին... չեն խնդար... Վանքին մեջ լալու շա՜տ բան կա... Նվա՜րդ...

Լռեց:

Խորհեցա թե ո՜վ կրնար ըլլալ այդ Նվարդը. քաղաքին աղջիկն էլ:

Հարկավ...

Թող շարունակեր զառանցել. ես որ կհսկեի իր մոտ Ալեքսանդրին հետ, կուզեի, որ չի լռեր...

Ցայգուն մահամերձի մը մահճին վրա խուժող լռությունը չի կրնար տարվիլ... Վանքերու մենության մեջ արտասվելու շատ բան կա, հրեշտակայի՜ն տղա:

Լուռ էր. չեմ գիտեր ի՜նչ ծանր, շնականորեն լիրբ, կսկծալի բան կար այդ անձայնության մեջ. կարծես վանքին ամայի ու համր անկյունները պիտի խոսեին միաբերան ու քրքջային, սատանաներ չկա՜ն արդլոք ուխտավորի խուցերուն մեջ, կամ սուրբերը ժամուն մեջ ժողով չէի՜ն ըներ նույն պահուն: Ե՜ս ալ անոնց գոյության կհավատամ:

Վարժապետին արևակեզ, կնճռոտ ճակատը անընդհատ կկծկվեր, աչքերը տամկությամբ լեցվեր էին: Մեր անկարողությանը մեջ կբավականանայինք վերմակն ուղղելով ու Խաչերի ճակատին թաց լաթեր դնելով:

Անոր ակնարկը այդ պահուն շիլ. զորավոր ու ցայտուն էր, բիբերը ընդլայնված. ազազուն կոկորդին հևքը դեպի բերան կխուժեր, հոն անորոշ ու խուլ կոծի մը փոխվելով...

-Որբերը տրթուն են,- մրմնջեց Ալեքսանդրը ականջիս:

-Գիտե՜մ,- ըսի մեքենաբար:

Երկարորեն հառեցա լամբարին. անոր բոցը զգայնիկ թաղանթի մը նման կսարսռար՝ հակելով հոս հոն, ողղվելով, քթթելով շարունակ:

Ի՜նչ հանգստություն այդ առկայծ բոցին, հիվանդ տղուն ու իմ միջև. երեքս ալ պիտի մարինք... Եսս մեկեն ուժգին զարթնում մը ունեցավ... ինչո՜ւ հսկել մահամերձ այս տղուն սնարին քով, երբ մարմինդ ու հոգիդ կգալարվին վիրավոր սողունի մը նման: