Այս էջը հաստատված է

Երկու ամսե ի վեր առաջին անգամ ըլլալով բառթի մը կորսնցնել տվի Զարեհ Էֆենդիին, թեև անհոգ կերպով կը խաղայի, խոսելու համար անծանոթուհիիս հետ, որ հիմա ծանոթուհիս եղած էր, և բացատրելու իրեն խաղին ինչ ինչ վարպետությունները: Մեկ քանի վայրկյանե ի վեր ընկերոջս խելքը վրան չէր կարծես, թուղթերը ձեռքեն վար կը սահեին, և տարօրինակ ճիգով մը խաղը ավարտելու կ՚աճապարեր: Անշուշտ ան ալ ինծի պես փափաք ունի նորեկ տիկինը ճանչնալու, կը մտածեի:

Անկե ետքը բոլոր գիշերը խոսակցությամբ անցուցինք. զարգացած կին մըն էր, բավական տեղեկություն ուներ եվրոպական գրականության վրա, դյուրությամբ կը խոսեր, և իր հստակ ու փափուկ արտասանությունը՝ որուն մեջ ստեպ շունչը հատնելու պես նվաղկոտ շեշտ մը կստանար, համ մը կուտար իր ըսածներուն:

Իրմե բաժնվելնես ետքը.

— Միսիս Պինսը հեգնելու իրավունք չունիք, ըսի բարեկամիս. կը տեսնեք որ անգլուհիք ալ հիմա կ՚սկսին ճաշակ ունենալ. ես այդ կնոջն հավնեցա, դո՞ւք...

— Ա՚հ,շատ, պատասխանեց եռանդյամբ:


Դ

Շուտով բարեկամ եղանք իրարու, ինչպես կ՚ըլլան օտար երկրի մեջ երկու հայրենակիցներ, որոնք ընկերական միևնույն կացության մեջ մեծցած, միևնույն դաստիարակությունն ստացած են, և միևնույն տարիքն ունին: Իր վրա ամենեն ավելի զիս գրավող բանը անկեղծությունն եղավ. առանց ձևակերպության, առանց դարձվածքներու կը խոսեր ազատ, համարձակ պատասխանելով իմ շատ անգամ հախուռն հարցումներուս և իր կարգին այնպիսի հարցումներ ուղղելով ինծի, որոնք իր սրտին պարզությունը երևան կը հանեին:

Մեր առաջին հանդիպումեն ամիս մը ետքը մինչև հոգվույն հատակը կը ճանչնայի զինքը, և կը սիրեի իբր թե իմ