Այս էջը հաստատված է

ունեցած եմ. հայրս՝ որ հոգի կուտար վրաս, ուսմունքս ավարտելեն ետքը ուզելով կատարյալ դաստիարակություն մը տալ ինծի, պտտցուց զիս աշխարհի շատ մը նշանավոր քաղաքները: Եվ երբ չափահաս եղա, ինծի թողուց ամուսնու մը ընտրությունը: Մեկը չէի սիրած, ու բարեկամուհիներուս կյանքին մեջ ճանչցած ըլլալով այրերը, չէի համարձակեր ընտրություն մը ընել: Եթե ինձմե բարձր անձի մը հետ ամուսնանայի, իր խաղալիքը պիտի դառնայի, և բոլոր կյանքս տառապանքի ու մտահոգությանց մեջ պիտի անցներ, վասնզի պիտի նախանձեի իրմե. իսկ եթե ինձմե վար անձ մը ընտրեի, չպիտի կարենայի սիրել և տափակ գետնաքարշ կյանքի մը պիտի դատապարտեի ինքզինքս՝ իջնելով երազներուս բարձրությունեն: Ուստի որոշած էի չամուսնանալ, երբ Արամը ճանչցա, ու խենդի պես սիրեցինք զիրար: Գտա իր վրա, ինչ որ չէի գտած երբեք հայրենակիցներուս վրա, և նշանվեցա հետը, հանձն առնելով նախանձի բոլոր տառապանքը սիրո կատարյալ երջանկության հետ: Երջանկությունս շատ էր, աղետքը վրա հասավ. հայրս մեռավ, և նշանածիս հիվանդություն մը գալով իր տեսողությունը կորսնցուց: Բայց մենք գիտցանք նույնիսկ մեր աղետքովը վերականգնել մեր երջանկությունը: Ամուսնացանք, ու եկանք քաշվեցանք այս գյուղը, ուր հայրս ժամանակով մետաքսի գործարան մը կը բանեցներ և այս վիլլան շիներ էր իր բնակության համար: Հեռացա աշխարհքեն, որպեսզի ինքզինքս ամբողջապես ամուսնույս ու սիրույս նվիրեմ, և որպեսզի ամենափոքրիկ նախանձ մը չվրդովե իր սրտին խաղաղությունը: Արդեն ի՞նչ պետք ունեինք ուրիշներու. երկուքս ալ հարուստ էինք, երկուքս ալ երիտասարդ: Արամը քսանըհինգ տարեկան էր երբ աչքերը կորսնցուց: Կյանքին պայծառ երեսը միայյն տեսած էր, ու չէր ճանչցած անոր սևությունները, անոր պատրանքները. կը սիրեր զիս իր առույգ հոգիին բոլոր թափովը, բոլոր հափշտակությամբը, կը հավատար ինծի, որովհետև առաջին սերն էր, և ես կը հավատայի իրեն, վասնզի գիտեի թե ալ հավետ իմս պիտի ըլլար: Իր հոգվույն մեջ մեկ պատկեր մը կար միայն, իմս, զոր ուրիշ մը չպիտի կարենար ջնջել երբեք: