երթալով, կանթեցին մոտեցավ, առավ զայն, դուռը բացավ և սենյակեն դուրս ելավ:
Սանդուխին գլուխը՝ խոշոր պատուհանե մը ներս կը հորդեր լուսինին և ձյունապատ երդիքներուն ցոլքը: Լույս ցորեկ էր կարծես. մութ անկյուն մը, մռայլ խորշ մը չկար իր շուրջը, և մինինիկ քայլերուն դափըրտուքը կը մարեր կակուզ գորգին վրա:
Այս գիշերային շահատակությունը՝ միս մինավորիկ՝ քնացող տան մը մեկ հարկեն մյուսը, փոխանակ ահաբեկելու, կը զվարճացներ զինքը: Եվայի հարազատ աղջիկ, հետաքրքրության տենդովը զորացած՝ գիտության ծառին կ՚երթար. անպատճառ կ՚ուզեր հասկնալ թե ի՛նչ բերեր էր իրեն Ծնունդը: Անկողնին մեջ բունը չպիտի տաներ:
Մեծ սրահին առջև հասնելով, դուռը հրեց իսկույն, բայց երբ ներս մտավ, հոն տիրող աղջամուղջին հանդեպ, անբացատրելի վախ մը պատեց զինքը: Լայն ու թանձր սրահակներով պատած, վեժերով ծածկված պատուհանները, օթոցներով պաստառված պատերը սեփ սև էին: Բարձր առաստաղեն վար մռայլ սարսափ մը կ՚իջներ և զինքը կը պարուրեր կարծես օղակ օղակ ստվերի մը մեջ սեղմելով: Հոն սևեռուն մնաց վայրկյան մը անծանոթ սարսուռով մը համակված: Հետո, հանկարծ, ինք իր անշարժության գաղափարեն ահաբեկ՝ շարժում մը ըրավ, ետին դարձավ և ձեռքի կանթեղին շողքը հայելիի մը մեջ անդրադառնալով, աչքերը շլացմամբ լեցուց:
Հիմա, ճերմակ ստվեր մը դեպի իրեն կուգար, ան ալ իրեն պես, կանթեղ մը բռնած ձեռքը: Վախելու բան չկար: Արմինեն էր, իր քույրիկը, որուն հետ երկվորյակ էին, և այնքան կը նմանեին իրարու: Ան ալ հիմա կը ժպտեր իրեն՝ սրահին անդիի ծայրեն, և լռին, իր ցայգազգեստին վրա կոխկռտելով կը հառաջանար, դեղին մազերը ուսին վրա, դեմքը վարդագույն լուսամփոփին ցոլքերովը վառվառ: Արդեն մոտեցեր էին իրարու, երբ ձեռքը երկնցնելով հայելիին հանդիպեցավ: Այն ատեն չարաճճի քրքիջ մը արձակեց... իր պատկերը տեսեր էր: