ՁՐԻՆԵՐԸ
Յոթը տարեկան էի արդեն: Մանկությանս վերջին տարիները մադամ Կառյուսի ֆրանսական դպրոցին մեջ անցուցած ըլլալով հայերեն կարդալ հազիվ դիտեի, երբ ծնողքս թաղին Ս. Խաչ վարժարանը դրավ զիս, ուր մնացի հազիվ երեք ամիս, ճեմարան երթալես առաջ:
Ինչպես կը հիշեմ հուզումս առաջին օրը, դռանդեն ներս, սանդուխին գլուխը, տեսնելով արձանագրություններ ամեն կողմ, պատերուն վրա, դուռներուն ճակատը, Արգիլված է խոսիլ, Արգիլված է տեղեն ելլել, զորս կազմող սեփ սև խոշոր գիրերը խոշոր համեմատություններով կը մեծցնեին անոնց նշանակությունը իմ տղու աչքերուս առջև: Չխոսի՜լ, չշարժիլ, ևս որ համակ շարժում, փոթորիկ էի համակ: Եվ ինչ եղավ սրտաբեկումս, երբ խնամակալության սենյակը տարվելով այնտեղ, տիկիններուն դատավորի լուրջ նայվածքին տակ, ենթարկվեցա հետևյալ հարցաքննության.
— Քրիստոնեական կարդացա՞ծ ես: — Ո՛չ:
— Քերականությո՞ւն: — Ո՛չ:
— Աշխարհագրությո՜ւն: — Ո՛չ:
— Պատմություն: — Ոչ, ո՛չ:
Յուրաքանչյուր ոչիս, հանցավորի մը պես կը շառագունեի, ճակատս քիչ մը ավելի կը խոնարհեի արտևանունքս: Ա՛լ, չէի համարձակեր վերցնել աչքերս, որոնք