Այս էջը հաստատված է

պատկանի ոչ թե գաղափարներովը, ոչ թե կյանքովը, այլ սրտովը միայն:

Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը իր երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը: Եվ այդ ճշմարտությունները ներկայացուցած է մեզի ոչ թե ժանյակե բուրապահիկներու մեջ ժապավենով փաթթած, այլ բաց թուղթի վրա, լուրջ, պարզ և անաչառ, ինչպես իր վրա ամեն բան՝ նայվածքը, ժպիտը, կեցվածքը, մինչև արդուզարդն անգամ:

Եվ թարմ են իր գաղափարները մոռցնել տալու չափ իրենց կեղևին չորությունը, ուժով են քավելու չափ ցամաք միօրինակությունը զանոնք արտահայտող արվեստին, որ այնքան լայն են, փողփողուն, հոծ և երփներանգ մեր ժամանակին մեջ: Փառքի օրեր ունեցած է սակայն, ազնիվ հոգիներու սեր և չոր սիրտերու նախանձ ազդելու չափ: Եթե ներկա սերունդը քիչ մը կը մոռնա զինքը, հանցանքը պետք չէ վերագրել անոր ապերախտության, այլ ճակատագրին, անգութ՝ բոլոր զգայուն էակներու ճակատագրին պես: Մահը՝ որ միևնույն հարվածով կը զարնե նյութով ապրող ու զգացոմով ապրող սրտին ալ, չէ ուզած խնայել այդ խորունկ հոգիին, խորտակելով, փշրելով անոր կորովն ու փառասիրությունը վաղամեռիկ աղջկան մը գերեզմանին վրա: Անոր հետ կ՛իյնա, կը փշրվի սակայն իր դատին շենքն ալ, կնոջ ազատագրության դատին, երբ նույնիսկ ինք իր օրինակովը կուգա ապացուցանել թե կինը «մայր» է ամեն բանե առաջ և ամեն բանե ավելի:

Ու կը խորհինք թե ի՞նչ պիտի ըլլար արդյոք մարդկային ընկերության ընթացքը, եթե կանայք զայն ուղղեին: Ի՞նչ պիտի ըլլար ընտանիքը, եթե կինը ըլլար պատասխանատու անոր ապագային: Ամենեն գորովագութ հայրը, դեռ արցունքը աչքեն չցամքած, իր գործին կը վերադառնա զավկին հուղարկավորության հետևյալ օրը: Ամենեն զգայուն մարզիկը մահվան ազդած կսկիծովը կը տառապին, բայց կոչումեն չեն հրաժարիր: