օրը հեռագրած էր թե հինգշաբթի կամ շաբաթ պիտի հասներ:Հինգշաբթին և ուրբաթը անցեր էին արդեն:Եթե այն օրն ալ իրիկուն ըլլար ու չգար...Հազար ու մեկ կասկածներ, սև գուշակություններ կպաշարեին դեռատի աղջկան միտքը,փոթորիկի, հիվանդության արկածներ կներկայանային շարունակ իր երևակայության, և քանի օր կտարաժամեր, հետզհետե իր հույսը կմարեր ու կանհետեր: Եղբոր գալուստին սպասող քրոջ երևույթը չուներ, այլ չար գուժակ լսելու երկյուղով համակված դժբախտի և սիրտը կսկսեր դողալ, հոգին կընդարձակվեր,կխորունկնար մեծ վշտի պատրաստվելու նախազգացումով:
Նախորդ օրեն ի վեր, յուրաքանչյուր շոգենավի սույլին դող ելած սպասեր, դիտեր հուսախաբության բոլոր դառնությունները կրեր էր, ուստի այն օրը դիտմամբ հեռացուցած էր Բուբուլ զայն ապարանքեն գոնե այդ տանջանքը խնայելու համար իրեն:
Հիմա կմտածեր առաջարկել, որ երթան վրանին գլուխին կարգադրեին քիչ, վասնզի երկունք ալ առտվան թույլ զգեստներ հագած էին, երբ հանկարծ ծաղկոցի դրանը թեթևակի զարնվեցան, և ծառա մը ներս մտնելով, այցաքարտ մը հանձնեց Սոֆիին:
Նորատի աղջիկը քարտի վար նայելով, ճիչ մը արձակեց, շառագունեցավ, հետո մարմարի նման տժգունեցավ: «Ան է, եկեր է, Գառնիկն է» մրմնջեց ու ծաղկոցեն դուրս խոյացավ:
Սոֆիայի եղբայրը, Գառնիկ Գումարյան, ապարանքի սրահներեն մեկուն մեջ կսպասեր:
Հազիվ քսանութը տարեկան երիտասարդ մըն էր ան,բարձրահասակ, վեհ կեցվածքով և քիչ մը խրոխտ նայվածքով: Ճիշտ իր քրոջ կնմաներ, անոր պես, ինքն ալ ուներ անուշ տրտմության այն արտահայտությունը, որ այնքան սրտագրավ և հրապուրիչ կընե դեմքը: Իր սև և շատ նուրբ պեխերը ազնվական վայելչություն մը կընծայեին